
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»։
Փաշինյանն ու Պուտինը նաև հեռախոսազրույց են ունեցել։
«Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել