HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպոլը կիբեռհանցագործությունների դեմ գործողության հետևանքով Հայաստանում ու Ուկրաինայում ձերբակալություններ է իրականացրել

Եվրոպոլն իրականացրել է կիբեռհանցագործությունների դեմ ուղղված իր պատմության ամենախոշոր գործողությունը, ինչի հետևանքով Ուկրաինայի և Հայաստանի տարածքներում ձերբակալվել է 4 մարդ։ Եվրոպոլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում ձերբակալվել է միայն մեկը։

Եվրոպոլի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ մինչ գործողության իրականացումը հարձակման էր ենթարկվել ավելի քան 100 սերվեր, ինչի պատճառով տուժել էին հազարավոր մարդիկ։ Եվրոպական այս ծառայությունը փոխանցում է, որ գործողությունն իրականացվել է մայիսի 27-29-ը։ Եվրոպացի իրավապահները նշում են, որ իրականացվել է բոտնետների դեմ ամենախոշոր գործողությունը, որոնք կարևոր դեր են խաղում օգտատերերից շորթող-վիրուսների տարածման գործում։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ դրանց թվում են IcedID-ն, Smokeloader-ը, SystemBC-ին և Pikabot and Bumblebee-ն։

Բացի Հայաստանի տարածքում իրականացված մեկ ձերբակալությունից, երեք մարդ էլ ձերբակալվել է Ուկրաինայում։ Սակայն նրանց ազգային պատկանելիության վերաբերյալ որևէ տվյալ չի փոխանցվում։

Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի փոխնախագահ Մարտինա Լինքը հայտարարել է, որ ողջ աշխարհում չեզոքացվել է ավելի քան 100 սերվեր և ավելի քան 1300 վտանգված տիրույթ։ «Կալանքի տակ է վերցվել 69 միլիոն եվրո ընդհանուր գումար, որը, ենթադրաբար, ձեռք է բերել կիբեռհանցագործներից մեկը: Տարբեր երկրներում կատարվում են խուզարկություններ»,- նշել է Լինքը։ 

Ընդ որում, խուզարկություններն իրականացվել են ոչ միայն Հայաստանում ու Ուկրաինայում, այլև Նիդերլանդներում ու Պորտուգալիայում։

Իլյուստրացիան՝ Եվրոպոլի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter