
Ջո Բայդենը Գազայում կրակի դադարեցման նոր պլան է ներկայացրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման նոր ծրագիր, որը հիմնված է Իսրայելի նոր առաջարկի վրա: Բայդենի ելույթը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Պլանը բաղկացած է երեք փուլից։ Բայդենը խոստովանել է, որ հատկապես դժվար կլինի պայմանավորվել առաջին փուլից երկրորդ փուլ անցնելու մասին:
Առաջին փուլը կտևի վեց շաբաթ։ Այն ներառում է վերջնական հրադադար, Իսրայելի զորքերի դուրսբերում Գազայի հատվածի բնակավայրերից, իսրայելցի պատանդների մի մասի վերադարձ՝ պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Այս փուլը նախատեսում է նաև Գազայի հատվածի բնակիչների վերադարձ դրա հյուսիսային հատված և մարդասիրական օգնության մատակարարումների ավելացում:
Երկրորդ փուլը ենթադրում է ռազմական գործողությունների վերջնական դադարեցում և Գազայի հատվածից Իսրայելի զորքերի դուրսբերում, ինչպես նաև իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակում: Այս փուլը հստակ ժամկետներ չունի։ Բայդենի խոսքով՝ հրադադարի ռեժիմը կգործի բանակցությունների ողջ ընթացքում:
Եզրափակիչ փուլում կսկսվի ԱՄՆ-ի և միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանի վերականգնման մասշտաբային ծրագիրը, որը կտևի 3-5 տարի: Իսրայելցի սպանված պատանդների աճյունները կվերադարձվեն իրենց ընտանիքներին։
Բայդենը հայտնել է, որ այս պլանը Կատարի միջնորդների միջոցով փոխանցվել է ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներին: Նա կոչ է արել նրանց ընդունել այդ առաջարկը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը դիմել է նաև իսրայելցի քաղաքական գործիչներին։ «Ես գիտեմ, որ Իսրայելում կան մարդիկ, որոնք չեն համաձայնի այդ ծրագրին և կոչ կանեն անորոշ ժամանակով շարունակել պատերազմը։ Բայց «լիակատար հաղթանակի» անժամկետ հետապնդումը կհանգեցնի միայն նրան, որ Իսրայելը կխճճվի Գազայի հատվածում։ Մի քայլ հե՛տ գնացեք և մտածե՛ք: Մենք չենք կարող բաց թողնել այս պահը»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, ՀԱՄԱՍ-ը դրական է արտահայտվել այս պլանի վերաբերյալ։ «ՀԱՄԱՍ-ը վերահաստատում է իր պատրաստակամությունը դրական և կառուցողական վերաբերվել ցանկացած առաջարկի, որը հիմնված է մշտական հրադադարի և Գազայի հատվածից (իսրայելական ուժերի) ամբողջական դուրսբերման, (Գազայի) վերականգնման և տեղահանված անձանց իրենց տեղերը վերադարձնելու վրա՝ գերիների փոխանակման մասին համաձայնագրի կատարման հետ մեկտեղ»,- գործակալությունը մեջբերում է խմբավորման հայտարարությունը։
Բայդենի ելույթից հետո Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Բենիամին Նեթանյահուն իսրայելական բանակցային խմբին լիազորել է ներկայացնել գործարքի ծրագիր, որը երաշխավորում է, որ Գազայի հատվածում պատերազմը չի ավարտվի առանց պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական ու քաղաքական հնարավորությունների ոչնչացման:
Լուսանկարը՝ Evelyn Hockstein/Reuters
Մեկնաբանել