
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն տեղափոխվել է տնային բուժման
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դուրս են գրել հիվանդանոցից և տեղափոխել տնային բուժման: Այդ մասին հայտնել է Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցը, որտեղ Սլովակիայի վարչապետը մայիսի կեսերին տեղի ունեցած մահափորձից հետո հոսպիտալացվել էր։
«Մենք վարչապետին մաղթում ենք շատ ուժ և, առաջին հերթին, դրական էներգիա իր ֆիզիկապես և ժամանակատար վերականգնման ընթացքում»,- ասված է բուժհաստատության հաղորդագրության մեջ։
Մայիսի 30-ին հիվանդանոցը հայտնել էր, որ Ֆիցոն սկսել է վերականգնողական գործընթացը և բժշկական հանձնաժողովի որոշմամբ անցել լրացուցիչ բուժզննում, որը հաստատել է «նրա առողջական վիճակի դրական դինամիկան»։ Երեկոյան Սլովակիայի պարբերականներից մեկի աղբյուրները հայտնել էին, որ Ֆիցոյին տեղափոխում են տնային բուժման: Բրատիսլավայում վարչապետի տան մոտ նկատել են անվտանգության ուժեղացում։
Ավելի վաղ Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել էր, որ մահափորձից հետո Ֆիցոյի վերականգնումը, վնասվածքի ծանրության պատճառով, կարող է երկարատև լինել:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել էր մայիսի 15-ին տեղի ունեցած մահափորձի հետևանքով: Քաղաքական գործչի վրա մի քանի անգամ կրակել էին Գանդլովա քաղաքում՝ կառավարության նիստից հետո։
Ֆիցոյի դեմ մահափորձի մեջ կասկածվողը՝ 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան, բերման էր ենթարկվել հարձակման վայրում և շուտով ձերբակալվել: Նրան սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Ցինտուլան իր գործողությունները բացատրել է կառավարության քաղաքականության հետ անհամաձայնությամբ։
Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց նրա կուսակցությունը։ Ֆիցոն քննադատում է Ուկրաինայի ղեկավարությանը և դեմ է Կիևին ռազմական օգնություն տրամադրելուն։
Լուսանկարը՝ REUTERS/Nadja Wohlleben/File Photo
Մեկնաբանել