
Անհայտ անձինք Թբիլիսիում հարձակվել են Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա
Թբիլիսիում մի քանի տասնյակ մարդ հարձակվել է Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա։ Այդ մասին նշվում է կուսակցության հայտարարության մեջ: Դրա համաձայն՝ հարձակմանը մասնակցել է մինչև 100 մարդ, կոտրվել են շենքի պատուհանները, դռները և վնասվել պատերը։
«Վանդալային հարձակումը տևել է ավելի քան կես ժամ, դրան մասնակցել է հարձակում գործած մինչև 100 մարդ։ Իվանիշվիլիի վարչակարգի խուճապային գործողություններն ու նրանց կազմակերպած այս բռնությունը շուտով կավարտվեն վրաց ժողովրդի անկոտրում կամքով»,- ասված է կուսակցության ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
Կուսակցությունը հրապարակել է գրասենյակի վրա հարձակման լուսանկարներն ու տեսանյութեր: Դրանցում երևում է, որ շենքի արտաքին պատերն ու պատուհանները խիստ վնասված են, դրանց մի մասի վրա ներկ է լցված։ Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման ժամանակ վնասվել է կուսակցական գույք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լուսանկարը՝ oc-media.org-ից
Մեկնաբանել