HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականներին

Երեխաների միջազգային օրվա շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես երեխաների համար, քանի որ առաջին տպավորությամբ՝ գուցե նրանք հեշտ են հաղթահարում սթրեսը, սակայն իրականում կարող են առաջանալ բազմազան վախեր և դրանց հետ կապված խնդիրներ: Պարզապես անհրաժեշտ է երեխաների հետ ճիշտ աշխատել, որպեսզի այդ խնդիրները չխորանան: Երեխաները կարողանում են իրենց պատկերացրածն ու զգացածն արտահայտել, ձևակերպել, ինչը շատ կարևոր է: ԿԳՄՍ նախարարությունն իր հերթին պլանավորում է ակտիվ միջոցառումներ՝ աղետից տուժած բնակիչների, հատկապես երեխաների համար»։

Նախարարի խոսքով՝ երեխաների հանդեպ ուշադրությունը պետք է չսահմանափակվի միայն այս օրերով, այլ լինի շարունակական: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այն զգացողությունը, որ իրենք մենակ չեն, և կա աջակցություն, թույլ է տալիս վստահաբար ասել, որ բոլոր խնդիրները կհաղթահարվեն: 

Նախարարը նշել է` ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է ընդհանուր վնասների գնահատում իրականացնի, և այդ աշխատանքային խմբում ներառված են նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: «Կրթական հաստատություններին, մշակութային հուշարձաններին և այլ ոլորտային հաստատություններին հասցված վնասը գնահատելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որպեսզի ամբողջական պատկերն ավելի հստակ լինի: Այս պահի դրությամբ՝ հուշարձանների մասով նկատելի վնասներ, բարեբախտաբար, չեն եղել, թեև խնդիրները դեռ պետք է գնահատման փուլ անցնեն։ Օրինակ՝ Ալավերդիում պահպանվել է հին կամուրջը, որը նույնպես պատմամշակութային հուշարձան է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը: 

Կրթական հաստատությունների վերաբերյալ նախարարը հայտնել է, որ վնասվել է, մասնավորապես, Քարկոփի դպրոցը։ Եվս մի քանի ուսումնական հաստատություններ, որոնք գտնվում էին աղետի առաջին գոտում և բախվել են ջրով լցվելու խնդրին, նույնպես տարբեր աստիճանի վնասներ են կրել: «Քանի որ թևակոխում ենք ամառային արձակուրդների շրջան, կա բավարար ժամանակ մինչև սեպտեմբեր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար, որպեսզի նոր ուսումնական տարում ոչինչ չխանգարի այդ դպրոցներում բնականոն գործընթացի մեկնարկին: Մենք կապի մեջ ենք բոլոր գործընկերների հետ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Այստեղ շատ ակտիվ աշխատում են մարզպետարանի ու համայնքապետարանների և ՏԿԵ նախարարության գործընկերները: Այս տարածաշրջանում նույնպես ավարտելու ենք հանրակրթական դպրոցների ավարտական քննությունների փուլն ու ապահովելու ենք ընդունելության գործընթացը: Մարզպետարանի հետ ինտենսիվորեն աշխատել ենք, որպեսզի ի հայտ բերենք, թե որտեղ ունենք խնդիրներ: Ավարտական քննությունները կազմակերպելու ընթացքում պետք է հաշվի առնենք բնակիչների տեղակայվածության հանգամանքը: Նմանատիպ խնդիր կա Ալավերդու ևս մեկ դպրոցում, որը գտնվում է քաղաքից կտրված թաղամասում: Բայց արդեն քննարկել ենք կազմակերպչական մեխանիզմները, և վստահ եմ, որ բոլոր շրջանավարտներն ու դիմորդները քննություններին մասնակցելու խնդիր չեն ունենա»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարը: 

Նրա դիտարկմամբ՝ քանի որ դասերը դպրոցներում արդեն ավարտվել էին, հետևաբար այս պահին դասապրոցեսի հետ կապված խնդիրներ չկան: Խնդրահարույց իրավիճակ էր միայն Ալավերդու քոլեջում, որտեղ դասերը դեռ շարունակվում են: Ուսումնական գործընթացը հեռավար մեթոդով կազմակերպելու որոշում է կայացվել՝ խնդրին իրավիճակային լուծում տալու նկատառությամբ։

Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հատկապես քաղպաշտպանության հարցերն ընդլայնելու խնդրին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ նախարարությունն այժմ հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման փուլում է, որտեղ նման հարցերը ուշադրության կենտրոնում են։ «Արտակարգ իրավիճակների նախկին նախարարության և ՆԳՆ գործընկերների հետ աշխատանքի հիմքում այն ուղղություն է, ըստ որի՝ կրթական բովանդակությունը պետք է այս առումով դառնա ավելի ուսուցողական: Ձևերը տարբեր են: Օրինակ՝ ՆԳՆ աշխատակիցները, Փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներն անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ՝ փաստելով, որ երեխաների համար շատ ավելի կարևոր է նման գիտելիքի ձեռքբերումը։ Գեղարվեստական գրականության մեջ բնության երևույթների մասին կարդալիս հետաքրքիր է իմանալ այդ երևույթների առանձնահատկությունները, իմանալ, թե ինչպես կարելի է պաշտպանվել տարերային աղետներից և ինչպես վարվել նման իրավիճակներում: Աշխատել ենք, որպեսզի նման մոտեցումները նույնպես ինտեգրվեն ուսումնառության գործընթացում: Բացի դրանից՝ կա նաև քաղպաշտպանության առանձին դասընթաց, որը ներառված է նախնական զինվորական պատրաստության առարկայի մեջ, որտեղ առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ վարքականոնների վերաբերյալ տրվում են անհրաժեշտ գիտելիքներ: Ամենակարևոր ուղղություններից մեկն էլ կլիմայի փոփոխությունն է, որն ամբողջությամբ հանրակրթության ոլորտում ուսումնասիրվում է։ Կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից հետազոտեն կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ կարևորելով բնապահպանական հարցերը: Այդ ուղղությամբ նույնպես կան բազմաթիվ ծրագրեր, որոնք համաձայնեցնում ենք միջազգային գործընկերների հետ»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter