HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախ բնակության վայրից՝ կարևոր է, որ երեխաների առաջ բացվեն լայն հնարավորություններ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում։ Այս մասին հաղորդում են ՄԻՊ աշխատակազմից։

«Բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 երեխա: Ներկա են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նաև Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: 

Պաշտպանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր առաջնահերթություններից է: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախ բնակության վայրից, չափազանց կարևոր է, որ երեխաների առաջ բացվեն լայն հնարավորություններ: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ շեշտել է, որ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ միջոցառումը կարող է լինել հենց այդ հնարավորություններից մեկը:

«Կարևորում եմ երեխաների համար այնպիսի միջավայրի ձևավորումը, որը թույլ կտա նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորել: Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են», - ասել է Անահիտ Մանասյանը:

Իր հերթին, Քրիստինե Վայգանդը նշել է, որ երեխաների հետ երկխոսությունը դպրոցում օգտակար էր մի շարք առումներով։ 

«Այս տարի նշում ենք Երեխայի իրավունքների կոնվենցիայի 35-ամյակը, որի շրջանակներում անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերլուծել երեխաների իրավիճակը և ականջալուր լինել նրանց դիտարկումներին, որը կուղենշի մեր հետագա անելիքները», - նշել է Քրիսթինե Վայգանդը:

Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։ 

Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Պաշտպանի աշխատակազմի, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների ներգրավմամբ:

Միջոցառման շրջանակներում երեխաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:

Անահիտ Մանասյանը Պրիվոլնոյե բնակավայրում մասնակցել է նաև Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը:

Պաշտպանը նշել է, որ մարզային բնակավայրերում որակյան նախակրթական հաստատությունների, դպրոցների առկայությունը համայնքի զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր դերակատարություն ունի:

Քրիստինե Վայգանդն էլ ընդգծել է, որ վաղ մանկական ուսումնառությունն ամուր հիմք է դնում երեխաների ապագա կյանքի համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց զարգացնելու տարբեր ձիրքեր և պատրաստվել դպրոցին:

Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզը հիմնվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքի և մարզպետարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter