HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի քաղաքապետարանը 55 օրվա ընթացքում չի կարողացել ճշտել՝ նստարանները տեռասային տախտակներից են, թե ոչ

Երևանի քաղաքապետարանը մոտ 2 ամիս է՝ չի կարողանում ճշտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նոր տեղադրված նստարանները համապատասխանում են տեխնիկական բնութագրով նշված որակին, թե ոչ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ։ Քաղաքապետարանը յուրաքանչյուր նստարանի համար վճարել էր 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Մատակարար «ՍԵՄ2017» ՍՊ ընկերության տնօրենը «Հետք»-ին հայտնել էր, որ դրանք ձեռք են բերել 80 000 դրամով։

Մեր հոդվածից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր ճշտել՝ դրանք համապատասխանե՞լ են սահմանված որակին, եղե՞լ են տեռասային տախտակներից պատրաստված, թե՞ ոչ։

Վերահսկողության վարչությունից հայտնել էին, որ նստարանները որակով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրին։ Ավինյանը հանձնարարել էր փոխարինել նստարանները կամ վերականգնել պետությանը պատճառված վնասը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն էլ հայտնել էր՝ մատակարարը 20-oրյա ժամկետ է խնդրել դրանք փոխարինելու համար։

Նստարանները փոխարինվեցին սահմանված ժամկետից շատ ավելի ուշ։

«Հետք»-ի ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ նոր տեղադրված նստարանները կրկին չեն համապատասխանում սահմանված որակին։ Դիմեցինք մի քանի կահույքագործի, որոնք հաստատեցին՝ նոր տեղադրված նստարանները ևս տեռասային տախտակներից չեն։

Տեղեկությունը ճշտելու համար ապրիլի 9-ին գրավոր հարցմամբ դիմեցինք նաև Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով նշել.

  1. Ե՞րբ են փոխարինվել նստարանները։
  2. Ո՞վ է իրականացրել հանձնում-ընդունումը։
  3. Արդյոք իրականացվե՞լ է որակի ստուգում։
  4. Արդյոք նոր փոխարինված նստարանները տեռասային տախտակներից են։

55 օր է անցել, սակայն քաղաքապետարանից դեռևս պատասխան չունենք։ Քաղաքապետարանի լրատվական բաժնի մեկնաբանությամբ՝  ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, և իրենք փորձում են վերլուծական ինֆորմացիան ամբողջությամբ ունենալ, նոր պատասխանել։

Լուսանկարներն արվել են ապրիլի 7-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter