
Հարեւան կառուցապատողին դատի տված «Օրրանն» ինքն է հայտնվել վատ դրության մեջ
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության եւ կառուցապատող Արգամ Հովհաննիսյանի՝ դատարան հասած վեճը նոր զարգացումներ է ստացել: Փաստացի, հայցվոր «Օրրանն» ինքն է հայտնվել վատ դրության մեջ:
Կազմակերպությունը բողոքում է, որ Հովհաննիսյանը շենք է կառուցում իր հարեւանությամբ՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված 6 մ հեռավորությունը: Նոր կառույցը գտնվում է «Օրրանի» շենքից ընդամենը 1,6 մ-ի վրա:
Ա. Հովհաննիսյանը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստացել է 2022 թ. դեկտեմբերին, սակայն շինաշխատանքները, ըստ «Օրրանի», սկսել է 2023-ի օգոստոս-սեպտեմբերին: Կազմակերպության ղեկավարությունը, տեսնելով, որ նոր կառույցը իրենց շենքին բավական մոտ է, փորձաքննություն է պատվիրել, ինչի արդյունքում պարզվել է, որ չեն պահպանվել հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ հատակագծման ու կառուցապատման նորմերը:
Արգամ Հովհաննիսյանն այս տարվա հունվարին «Հետքի» հետ զրույցում չէր հերքել, որ օրենսդրորեն պետք է պահպանվի 6 մ հեռավորությունը: Այդուհանդերձ, նրա հակափաստարկն այն էր, որ 2000-ականներին «Օրրանի» շենքը կառուցվել է 60 սմ խախտումով դեպի իր կողմ, բայց ինքը չի բողոքում: Այդ խախտումը, ըստ Հովհաննիսյանի, տեղի է ունեցել մասամբ համայնքին պատկանող հողում, մասամբ՝ իր: «Օրրանում», հակառակը, հերքում են, թե նման բան կա, կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը մեզ հայտնել էր, որ իրենց շենքը կառուցվել է 2000-ականների սկզբին՝ համապատասխան շինթույլտվության եւ վերահսկողության ներքո, ու այսքան ժամանակ որեւէ բողոք չեն ստացել:
Երբ Արգամ Հովհաննիսյանին հարցրել էինք, որ եթե «Օրրանն» անօրինական ձեւով մտել է իր ու համայնքի հողի մեջ, ինչու ինքը չի պահանջում քանդել պատը, նա տարակուսել էր, թե հո չեն պահանջելու արդեն կառուցված շենքի պատը քանդել: Սակայն կառուցապատողը նեղսրտել էր, որ եթե հիմա «Օրրանը» բողոքում է, թե իր շենքն իբր փակելու է իրենց մի քանի լուսամուտների լույսը եւ այլն, ապա ժամանակին հենց այս կազմակերպությունն է, չունենալով իր գնած հողի եւ դրա վրա գոյություն ունեցած տան նախկին սեփականատիրոջ համաձայնությունը, լուսամուտներ բացել այդ ուղղությամբ:
Արմինե Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում հակադարձել էր, որ երբ իրենց շենքը կառուցվում էր, հարեւանների համաձայնությունն ստանալու պահանջ, ինչպես այսօր է, չի եղել, երկրորդ՝ իրենք գործել են այն ժամանակ գործող օրենսդրության շրջանակներում, իսկ նախկին հարեւանը՝ միհարկանի տան սեփականատերը, այդ առումով չի բողոքել: Բացի դրանից, ըստ «Օրրանի» նախագահի, այդ տան եւ իրենց շենքի միջեւ հեռավորությունն ավելի մեծ է եղել, քան այսօրվա 1,6 մետրը, արանքում էլ ծառեր են եղել: «Ինքն ասում է՝ դուք իրավունք չունեիք էդտեղ լուսամուտ բացելու: Եթե իրավունք չունեինք, ո՞նց են ժամանակին թույլտվություն տվել»,- նշել էր «Օրրանի» ղեկավարը:
Վերաքննիչը որոշում է կայացրել հօգուտ քաղաքապետարանի ու կառուցապատողի
2023-ի նոյեմբերին «Օրրանը» վարչական դատարան է դիմել՝ ընդդեմ շինթույլտվություն տված Երեւանի քաղաքապետարանի: Արգամ Հովհաննիսյանին դատարանը ներգրավել է որպես երրորդ կողմ, քանի որ նա է շինթույլտվության հասցեատերը: Վարչական դատարանը նաեւ բավարարել էր «Օրրանի» միջնորդությունն ու կասեցրել շինթույլտվության կատարումը, մինչեւ դատական ակտն օրինական ուժի մեջ կմտնի: Իսկ այդ ակտը հրապարակվելու է հուլիսի 25-ին (գործը քննվելու է գրավոր ընթացակարգով):
Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել թե՛ քաղաքապետարանը, թե՛ Արգամ Հովհաննիսյանը: Նրանք պնդել են, որ «Օրրանը» վարչական ակտը՝ 2022-ի դեկտեմբերին տրված շինթույլտվությունը, կարող էր վիճարկել 2-ամսյա ժամկետում, այնինչ բաց է թողել այդ ժամկետը, իսկ վարչական դատարանն օրենքի խախտումով է հարգելի համարել այդ ժամկետը բաց թողնելու պատճառները եւ հայցադիմումն ընդունել վարույթ:
Իր հերթին «Օրրանը» վերաքննիչ դատարանին հայտնել է, որ չնայած Ա. Հովհաննիսյանը շինթույլտվությունը ստացել էր 2022-ի դեկտեմբերին, շինաշխատանքներն սկսել է ամիսներ անց, եւ երբ կազմակերպությունը կասկածներ է ունեցել, որ խախտվում են օրենսդրությամբ սահմանված նորմերը, 2023-ի հոկտեմբերին համապատասխան միջոցներ է ձեռնարկել՝ դիմել է քաղաքապետարան, ապա՝ դատարան:
Այդուհանդերձ, վերաքննիչ վարչական դատարանը նշել է, թե քանի որ Արգամ Հովհաննիսյանը 2023-ի մարտին քաղաքապետարանին ծանուցել է շինաշխատանքներ սկսելու մասին («Օրրանում» պնդում են, որ բուն աշխատանքները սկսվել են 2023-ի օգոստոս-սեպտեմբերին), «ապա կարելի է պնդել, որ փաստացի շինարարական աշխատանքների իրականացման մասին կազմակերպությունն («Օրրանը» - հեղ.) իրազեկված է եղել առնվազն 2023 թվականի մայիսի 1-ի դրությամբ»:
Վերաքննիչ ատյանը բավարարել է քաղաքապետարանի ու կառուցապատողի բողոքները եւ վերացրել է ստորադաս ատյանի որոշումը, որն «Օրրանի» օգտին էր: Խոսքը հայցադիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու եւ քաղաքապետարանի տված շինթույլտվությունը կասեցնելու մասին է:
«Օրրանն» այս որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին տեղեկություններ չկան datalex.am-ում:
Վերաքննիչի որոշումից հետո «Օրրանը» հայտարարեց, որ ինքը պատկան մարմիններին է դիմել անմիջապես, երբ Արգամ Հովհաննիսյանի շենքի բետոնե սյուները սկսել են կառուցվել, քանի որ միայն այդ ժամանակ է ակնհայտ դարձել, որ շինարարությունը ապօրինի է. «Դատավոր Ավետիսյանի պնդումը, թե «Օրրանը» պետք է դրանից ամիսներ առաջ դիմեր, չի կարող տրամաբանական դիտվել: «Օրրանը» չի բողոքում, որ շենք է կառուցվում, այլ որ շենքը կառուցվում է անօրեն՝ չպահպանելով 6 մետր հեռավորությունը: Այս փաստը «Օրրանը» չէր կարող պնդել, երբ քաղաքապետարանը տալիս էր շինթույլտվությունը, չէր կարող պնդել, երբ շենքի հիմքերն էին փորվում, չէր կարող պնդել, երբ ցուցանակ էր դրվում, այլ միայն եւ միայն կարող էր պնդել, երբ բետոնե սյուներն էին հառնում»:
Այսպիսով՝ վարչական գործով, ինչպես ասվեց, դատարանը պետք է ակտ հրապարակի հուլիսի 25-ին, բայց այնպիսի պայմաններում, երբ վերաքննիչ ատյանն օրենքին հակասող է ճանաչել այս դատարանի նախորդ որոշումը եւ վերացրել է այն (խոսքն առաջին հերթին հայցը վարույթ ընդունելու մասին է), կարելի է կանխատեսել, որ «Օրրանը» հաջողության չի հասնի վարչական դատարանում: Կազմակերպության միակ հույսը կարող է լինել Վճռաբեկ դատարանի որոշումը հօգուտ իրեն (որը դեռ պետք է կայացվի), ինչից հետո միայն կարելի է պատկերացնել, որ վարչական դատարանը ակտ կհրապարակի «Օրրանի» օգտին:
Քաղաքացիական դատարանն «Օրրանին» պարտադրել է մեծ գումար փոխանցել
Արգամ Հովհաննիսյանը շարունակում է շինարարությունը: Դրա արգելքը վարչական գործով, ինչպես տեսանք, վերացվել է, չնայած դեռ հայտնի չէ, թե ինչ կորոշի Վճռաբեկ դատարանը: Մյուս կողմից՝ Հովհաննիսյանը կարողացել է հասնել նրան, որ հանվի շինարարության վրա դրված եւս մեկ արգելք, այս անգամ՝ Երեւանի քաղաքացիական դատարանի կողմից:
Բանն այն է, որ 2023-ի նոյեմբերին քաղաքապետարանի դեմ վարչական հայց ներկայացնելուց հետո «Օրրանը» դեկտեմբերին դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Արգամ Հովհաննիսյանի եւ երրորդ անձ ճանաչված քաղաքապետարանի: Հայցն ընդունվել է վարույթ, եւ դատարանը բավարարել է կազմակերպության միջնորդությունը՝ Հովհաննիսյանին արգելելով շինաշխատանքներ կատարել: Վերջինիս փաստաբանը դատարանին միջնորդել է վերացնել հայցի ապահովման միջոցը եւ հանել շինաշխատանքների արգելքը, սակայն դատարանը մերժել է:
Դրանից հետո Հովհաննիսյանը հակաքայլ է արել եւ փետրվարի վերջին հակընդդեմ հայց ներկայացրել, այն է՝ պարտավորեցնել «Օրրանին» քանդել իր շենքը, որը կառուցվել է 2000-ականների սկզբին: Սա այն է, ինչի մասին այս տարվա հունվարին «Հետքի» հետ զրույցում Արգամ Հովհաննիսյանն ասում էր, թե հո չեն պահանջելու արդեն կառուցված շենքի պատը քանդել: Հակընդդեմ հայցը դատարանը վարույթ է ընդունել:
Բայց սա ամենը չէ: Հաջորդ քայլով կառուցապատողը պահանջել է «Օրրանն» ընդդեմ Արգամ Հովհաննիսյանի քաղաքացիական գործով հակընդդեմ ապահովում կիրառել:
Այսպես՝ Ա. Հովհաննիսյանի փաստաբանը դատարանում հայտնել է, որ իրենց շինթույլտվության ժամկետը մինչեւ այս տարվա հոկտեմբերի 8-ն է, ու եթե իրենք դատարանի արգելքի պատճառով չկարողանան ավարտել շինարարությունն այդ ժամկետում, քաղաքապետարանը կտուգանի առնվազն 3 մլն դրամով (շինարարության նախահաշվային արժեքի 3 %-ի չափով): Բացի դրանից՝ շինարարության արգելքի պատճառով, ըստ կառուցապատողի փաստաբանի, Հովհաննիսյանը կարող է կրել հնարավոր վնասներ բաց թողնված օգուտի տեսքով, որը հաշվարկվել է 135 մլն դրամի չափով (հաշվարկել են, որ գործի քննությունը ՀՀ եռաստիճան դատական համակարգում կարող է տեւել 36 ամիս, այնինչ եթե Հովհաննիսյանը հոկտեմբերին ավարտեր շինարարությունն ու դեկտեմբերից շենքը վարձակալության հանձներ, ներկա շուկայական գներով ամեն ամիս 3,75 մլն դրամ եկամուտ կունենար)։ Այսպիսով՝ Արգամ Հովհաննիսյանի փաստաբանը դատարանին միջնորդել է որպես հակընդդեմ ապահովում «Օրրանից» պահանջել, որ վերջինս դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցի 138 մլն դրամ (քաղաքապետարանի տուգանք + բաց թողնված օգուտ): Այսինքն՝ եթե «Օրրանը» պարտվի դատարանում, այս գումարը կփոխանցվեր Ա. Հովհաննիսյանին:
«Օրրանի» ներկայացուցիչը հակադարձել է, որ եթե առկա է դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած շինարարության արգելք, քաղաքապետարանը չի կարող շինաշխատանքների դադարեցումը պայմանավորել կառուցապատողի մեղավորությամբ ու տուգանել նրան: Ինչ վերաբերում է բաց թողնված օգուտին ու դրա հաշվարկին, ապա ըստ «Օրրանի» փաստաբանի՝ դրանց հիմքում չկան փաստեր, որոնք հնարավորություն կտան ամբողջական եւ հիմնավոր եզրահանգում անել առկա կամ հետագայում հնարավոր վնասների մասին: «Ներկայացված հիմնավորումները միայն հետագա շահագործման վերաբերյալ ենթադրություններ են, որպիսիք չեն կարող հիմք հանդիսանալ հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու համար»,- դիրքորոշում է հայտնել «Օրրանի» ներկայացուցիչը։
Այդուհանդերձ, Երեւանի քաղաքացիական դատարանը ապրիլի 30-ին որոշել է մասնակի բավարարել Արգամ Հովհաննիսյանի միջնորդությունը հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ: Դատարանը որոշել է «Օրրանին» պարտավորեցնել իր դեպոզիտ հաշվին փոխանցել 48 մլն դրամ, որից 3 մլն-ը՝ որպես քաղաքապետարանի հնարավոր տուգանք, իսկ 45 մլն-ը՝ բաց թողնված օգուտ (դատարանը Հովհաննիսյանի 3,75 մլն դրամ ամսական հնարավոր եկամուտը հաշվարկել է ոչ թե 36, այլ 12 ամսով): Դատարանի այս որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այս պարագայում «Օրրանը» պարտավոր էր դատարանի որոշումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում հակընդդեմ ապահովման գումարը՝ 48 մլն դրամը, փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին եւ դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց: Սակայն կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանից տեղեկացանք, որ «Օրրանը» չի փոխանցել գումարը: Այս պարագայում դատարանն Արգամ Հովհաննիսյանի միջնորդությամբ, առանց դատական նիստ հրավիրելու, իրավունք ուներ վերացնել «Օրրանի» հայցի ապահովման միջոցը՝ շինարարության արգելքը, ինչն էլ տեղի է ունեցել, ու հիմա կառուցապատողն անարգել շարունակում է շինարարությունը:
Դատելով ներկա տեմպերից՝ Արգամ Հովհաննիսյանը մինչեւ այս տարվա հոկտեմբեր կավարտի շինարարությունը, ինչից հետո դժվար է ասել, թե ինչ վճիռ պիտի կայացնի Երեւանի քաղաքացիական դատարանը: Կստացվի մի իրավիճակ, երբ արդեն ավարտական տեսք ունեցող երկու հարեւան շենքերի սեփականատերերը դատարանում վիճարկելիս կլինեն միմյանց անշարժ գույքի կառուցման օրինականությունը:
Մեկնաբանել