Քաղաքապետարանն իր կայքում հասանելի է դարձրել Երևանի շինհրապարակների օդի աղտոտվածության մասին տվյալները
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքում այսօրվանից առցանց քարտեզի միջոցով հնարավոր է տեսնել, թե օդի՝ փոշով աղտոտվածության ինչ մակարդակ է գրանցվել մայրաքաղաքի 15 շինհրապարակում։ Հարթակն այսօր ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, ավագանու որոշմամբ, բազմաբնակարան բնակելի շենքերի շինհրապարակներում օդի որակը դիտարկող սենսորային սարքերի առկայությունը պարտադիր է։ Նախորդ ամիս գրել էինք, որ սարքերի տեղադրման գործընթացը դանդաղ է առաջ գնում․ կահավորման ենթակա շինհրապարակների 10%-ում անգամ սարքերը տեղադրված չեն։
Թեև Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը», այս պահին հասանելի տվյալները հեռու են ամբողջական պատկեր տալուց։ Բացի նրանից, որ ընդամենը 15 սարք է տեղադրվել, բոլորը շինհրապարակներում են տեղադրված՝ ենթադրաբար, աղտոտման աղբյուրներին մոտ։
Ըստ հարթակում ներկայացված տվյալների՝ շինհրապարակներում օդի որակը դիտարկող սարքեր տեղադրվել են Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Ավան, Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում։ Օդի աղտոտվածության մասին ամենաշատ տվյալները հասանելի են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում․ այստեղ շինհրապարակներում մոնիթորինգի 8 սարք է տեղադրված։
Սարքերը չափում են մեկ խորանարդ մետր օդում մինչև 1, 2.5, և 10 միկրոմետր մեծությամբ փոշու հատիկների պարունակությունը, օդի խոնավությունն ու ջերմաստիճանը։ Կարելի է տեսնել ինչպես միջինացված, այնպես էլ առանձին սարքերի ցուցանիշները։
Հիշեցնենք՝ օդի մոնիթորինգի նման սարքեր 2022 թվականին ձեռք էր բերել Երևանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում սենսորային 5 տվիչները տեղադրվել էին տրանսպորտային նոր երթուղիների բնապահպանական ռիսկերը գնահատելու համար: Սարքերի ցուցանիշները, սակայն, հիմա հասանելի չեն․ վերջին ամիսներին քաղաքապետարանը սպասարկման գումարը չի վճարել, պայմանագիր պիտի կնքեն սարքերը տրամադրող «Քլարիթի» ընկերության հետ։
Կարդացե՛ք նաև՝
Մեկնաբանել