HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գումարտակի հրամանատարի խոսքով՝ նորակոչիկներին Խուռհատում տեղակայելուց առաջ իրեն ասել են, որ պատերազմն ավարտվում է

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը վստահեցնում է՝ մինչ իրենք հրաման են ստացել բարձրանալ և տեղակայվել Խուռհատ սարում, զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը և ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ Բորիս Դավիդովն ասել են՝ պատերազմն ավարտվում է և Խուռհատ սարի վրա անձնակազմը միայն բնագիծ է զբաղեցնելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության քրեական դատարանում հայտնեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։

Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։

Ամբաստանյալ Իշխան Վահանյանը վստահեցնում է՝ Խուռհատում զինծառայողները հրազենային վնասվածք չեն ստացել։

«Խուռհատ սարի վրա հրաձգային զենքից զոհ չենք ունեցել»,- նշեց նա։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց մի շարք զինծառայողների ցուցմուքներ, որոնք նշում էին, որ կրակելով իջնել են սարից.

-Եթե թշնամի չի եղել, ո՞ւմից էին պաշտպանվում զինծառայողները, սնարյադներին պիտի կրակե՞ին, ո՞ւմ վրա էին կրակում նահանջի ժամանակ, կարո՞ղ եք բացատրել դատարանին,- հետաքրքրվեց Գրիգորյանը։

-Նահանջի ժամանակ, ըստ ենթադրության եմ ասում, աջից մի բան են նկատել կամ հրաման են ստացել ձախից, աջից իրանք կրակել են,- պաստախանեց ամբաստանյալը։

-Որպես գումարտակի հրամանատար` տեղյա՞կ եք՝ որ վաշտից քանի զինվոր է մահացել, քանիսն են վիրավորվել,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։

-Հոսպիտալում տեղեկացված եղել եմ։

-Մոտավոր ասեք։

-Չեմ կարող… 120 հոգի անձնակազմա եղել,- նշեց Վահանյանը։

-120 հոգուց քանի՞սն է իջել։

-Չեմ հիշում։

-Դուք զինվորական եք, գումարտակի հրամնատար, ի՞նչ է նշանակում չեք հիշում։

-Էդ ա նշանակում, չեմ հիշում… Հոսպիտալում խոսել եմ սաղի հետ, կապի մեջ եմ եղել, կոնկրետ թվերով չեն ասել, ասել են՝ զոհ ենք ունեցել,- պատասխանեց Իշխան Վահանյանը։

Ըստ նախկին հրամանատարի՝ Խուռհատ սարի վրա ուսումնասիրել են տարածքը, առաջին հայացքից Խուռհատում վտանգ չի եղել, հակառակորդի անձնակազմն անզեն աչքով չի երևացել։

-Ինչո՞ւ են մի գումարտակ ուղարկում այդտեղ, այդ սարը պահելու։ Ձեզնից առաջ այդտեղ սպեցնազն է եղել, Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ինչու են ուղարկում այդտեղ,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։

-Ի սկզբանե՝ 90-ականներին, սահմանի գիծը տենց անցել ա, ասել են, որ հենց տենց էլ պիտի անցնի։ Սպեցնազը չի կարա բանակի գործողություն կատարի, հենց դա էլ մեզ հանգստություն տվեց։ Ինքը չի կարա մարտի մեջ մտնի։ Հասկացանք, որ եթե սպեցնազ են բերել, ուրեմն էդ գծով գծվում է,- նշեց Իշխան Վահանյանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նաև հետաքրքրվեց՝ եղե՞լ է դեպք, երբ զինծառայողի աչքն է դուրս եկել։

-Նենց բաներ ես հարցնում ընկեր,- ասաց Վահանյանը։

-Բա ո՞ւմ հարցնեմ,- ասաց Գրիգորյանը։

-Էդ անձնակազմի պատասխանատուին։

-Ի՞նչ կապ ունի, բարձրաստիճան սպա ես, մտածի նոր խոսա, նենց բաներ ես խոսում։

-Շատ լավ եմ մտածում,- պատասխանեց Իշխան Վահանյանը։

-Լավ չես մտածում։

-Լավ եմ մտածում։

-Խելքին նայի։

-Ի՞նչ ասիր։

-Ասի խելքին նայի։

Դատարանը իրավիճակը կարգավորելու համար ընդմիջում հայտարարեց։

Ընդմիջումից հետո Իշխան Վահանյանը կրկին վստահեցրեց՝ վիրավորվելուց հետո նախքան կհեռանար, կապի միջոցն ու հրամանատարությունը փոխանցել է վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 10-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter