
Ջո Բայդենն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կվերափոխի Հարավային Կովկասն ու արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ նշվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության գծով ավագ խորհրդական Հարի Քեմիանը։
Բայդենի ուղերձում նշվում է, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ԱՄՆ-ի համար առաջնահերթություններ են:
«Երկարաժամկետ խաղաղության պայմանագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդներին ապահովել, որ խաղաղությունն ու բարգավաճումը մնան մեր առաջնորդող սկզբունքները»,- ասված է ուղերձում։
Բայդենը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը «մնում է գլոբալ էներգետիկ անվտանգության կարևոր հենարան` հատկապես Եվրոպայի համար»։
Լուսանկարը՝ Andrew Harnik/AP
Մեկնաբանել