HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». արտագաղթի անմխիթար հետևանքը

Ռուսաստանի վիճակագրության դաշնային պետական ծառայությունը օրերս հրապարակեց 2010 թ. մարդահամարի արդյունքները, որոնք հայերիս համար ամենևին էլ մխիթարական արդյունքներ չեն արձանագրում: Վիճակագրությունը, ինչպես ասում են, դաժան բան է, և ցուցանիշները հաստատում են վերջին 23 տարիներին Հայաստանից և նախկին ԽՍՀՄ այլ տարածաշրջաններից դեպի Ռուսաստան հայերի արտահոսքի փաստը: Միաժամանակ ամրագրվում է, որ Ռուսաստանի բնակչությունը (հաշվառումը վերաբերում է միայն քաղաքացիություն ունեցող անձանց) անշեղորեն նվազում է: 1989 թ. 147 միլիոնի փոխարեն 2002-ին այն կազմել է 145 մլն, իսկ 2010-ին` 142 մլն: Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակելու է մնալ պոտենցիալ միգրանտներ ներգրավող երկիր նաև առաջիկա տասնամյակների կտրվածքով: Պատահական չէ, որ ՌԴ գործող նախագահն արդեն հնչեցրել է առաջարկություն` էլ ավելի պարզեցնել ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների և նրանց ժառանգների համար:

Թեպետ հայերի համար ներկա համեմատաբար խիստ պայմաններն էլ ակնհայտորեն խոչընդոտ չեն հանդիսանում: Եթե 1989-ին ԽՍՀՄ մասը հանդիսացող ՌՍՖՍՀ-ում բնակվում էր 530 հազար հայ, ապա 2002-ին ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի թիվն արդեն հատել էր միլիոնի սահմանագիծը և կազմում էր 1 միլիոն 130 հազար, իսկ 2010-ին արդեն` 1 միլիոն 180 հազար: Այս ցուցանիշը չի վերաբերում Հայաստանի և այլ պետությունների հայ քաղաքացիներին, որոնք նույնպես մշտական հիմունքներով ապրում են Ռուսաստանում, ինչը նշանակում է, որ հայերի իրական թիվը մոտ է հայտարարված 2 միլիոնին: Իհարկե, ռուսահայ համայնքը ԽՍՀՄ փլուզումից հետո բազմացել է ոչ միայն Հայաստանից արտագաղթի հաշվին: Միջինասիական հանրապետություններից զգալի թվով հայեր նույնպես արտագաղթել են, որպես կանոն, հիմնականում Ռուսաստան: Այնտեղ է հայտնվել նաև Ադրբեջանից բռնագաղթած շուրջ կես միլիոն հայության մեծ մասը, ինչպես նաև Վրաստանի հայերի զգալի մասը, եթե նկատի ունենանք, որ վիրահայ համայնքը գրեթե կիսով չափ նոսրացել է, և, տարբեր տվյալներով, ԽՍՀՄ շրջանի կես միլիոն հայության փոխարեն Վրաստանում ապրում է 250-300 հազար հայ:

Ուշագրավ է սեռերի թվակազմի հարաբերակցությունը: Եթե ռուս բնակչության պարագայում 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1163 կին, ապա հայերի պարագայում իրավիճակը հակառակն է` 1000 տղամարդուն` 852 կին: Ինչը կարելի է համարել այն իրողության ցուցանիշ, որ անգամ ռուսական քաղաքացիություն ունեցող մեր բոլոր հայրենակիցները չեն ընտանիքներով տեղափոխվել Ռուսաստան, բայց դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերը ստեղծել են:

Հայ բնակչությունը իր տարիքային կազմով ամենաաշխատունակներից է ողջ Ռուսաստանում: Աշխատանքային տարիքի չհասած հայերը կազմում են ընդհանուր հայ բնակչության 17,7%-ը, իսկ աշխատանքային տարիքն անցածները` 14,4%-ը: Աշխատունակ հայ բնակչությունն այսպիսով կազմում է ընդհանուրի 67,9%-ը: Այս ցուցանիշով հայերը զիջում են միայն ադրբեջանցիներին, որոնց պաշտոնական թիվը, այսինքն` ՌԴ քաղաքացիներ հանդիսացողների քանակը 600 հազար է, որից 70%-ը աշխատունակ տարիքի: Մյուս բոլոր ազգությունների ցուցանիշն այս մասով ավելի ցածր է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում` քաղաքացիություն ունեցող առավել ստվարաթիվ ազգությունների շարքում, հայերն արդեն 7-րդն են: Ընդ որում` հայերին քանակով գերազանցող 6,5,4-րդ տեղերը զբաղեցնող ազգությունները իրենց թվակազմով առանձնապես ծանրակշիռ չեն. դրանք չեչեններն են (1 մլն 430 հազար), չուվաշները (1 մլն 440 հազար) և բաշկիրները (1 մլն 580 հազար): Փաստորեն, պաշտոնապես հայերին իրենց թվաքանակով զգալիորեն գերազանցում են ուկրաինացիները (1 մլն 930 հազար), թաթարները` 5 մլն 310 հազար, և հիմնական ազգություն հանդիսացող ռուսները` 111 միլիոն: Եթե Հայաստանից արտագաղթը ներկայիս տեմպերով շարունակվի, և ամեն տարի Ռուսաստան արտագնա աշխատամքի մեկնողներն էլ աստիճանաբար քաղաքացիություն ընդունեն, գումարած` արտագաղթածների բնական աճը, ապա չի բացառվում, որ արդեն հաջորդ մարդահամարի ժամանակ հայերը Ռուսաստանը բնակեցնող ազգությունների մեջ հայտնվեն «պատվավոր» 3-րդ հորիզոնականում` զիջելով միայն ռուսներին ու թաթարներին:

Իսկ մեր իշխանությունները շարունակում են արտագաղթը որակել որպես սովորական միգրացիա` որպես կանոն ասպարեզ բերելով ավանդական ապուշ փաստարկը, որ դա ամբողջ աշխարհում տարածված երևույթ է: Մարդիկ իբր մեկնում են ավելի լավ պայմանների պատճառով, բայց նաև վերադառնում են: Բնականաբար, անտեսելով այն ակնհայտ հանգամանքը, որ մեկնողների և վերադարձողների համամասնությունը Հայաստանի պարագայում միշտ բացասական է` ի վնաս վերադարձողների: Միաժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանում օր օրի աճող հայկական համայնքը բավարար կազմակերպված չէ և չունի իր քանակական կազմին համարժեք կշիռ ու ազդեցություն: Բայց սա արդեն այլ խոսակցության նյութ է:

Վահան Վարդանյան

Լուս.՝ Հակբերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter