
Սպիտակ տունը չի բացառում Ֆրանսիայում Բայդեն-Զելենսկի հանդիպում
ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում Ֆրանսիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
Պատասխանելով Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու 80-ամյակի միջոցառումների շրջանակներում Բայդենի և Զելենսկիի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Քիրբին նշել է.
«Ես ոչինչ չունեմ ասելու նախագահի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ, այնուամենայնիվ, երբ այդ երկու առաջնորդները միասին են նույն տեղում, նրանք հաճախ հանդիպում են, բայց այսօր ես պարզապես ոչինչ չունեմ ասելու աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ»,- նշել է Քիրբին։
Մայիսի 31-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ն չի պատրաստվում մասնակցել Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու 80-ամյակի միջոցառումներին։ Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ շփումներ չեն եղել: AFP գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել էր, որ Ռուսաստանը հրավիրված չէ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու 80-ամյակի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներին:
Այդ միջոցառումները տեղի կունենան հունիսի 6-8-ը Նորմանդիայում և Բրետանում։ Ամենախոշոր միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին Օմահա լողափում, որին կմասնակցեն պետությունների և կառավարությունների 25 ղեկավարներ, այդ թվում՝ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը: Վլադիմիր Զելենսկին նույնպես հրավիրյալների ցանկում է։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ հիմնական արարողությունից մի քանի օր անց՝ հունիսի 8-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կընդունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Քննարկման գլխավոր թեմաները, ինչպես սպասվում է, կլինեն Ուկրաինային աջակցությունը, ինչպես նաև երկկողմ համագործակցության ամրապնդումը տնտեսության, տիեզերքի յուրացման և միջուկային ոլորտներում:
Լուսանկարը՝ Jonathan Ernst/Reuters
Մեկնաբանել