«Հայացք». թե ինչպես վարվեցին ռուսաստանցի գործարարների հետ
Ինչո՞ւ ենք «խրտնեցնում» դրսի ներդրողներին
Անցյալ տարեվերջին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը միանգամայն ճիշտ գնահատեց. «Դատական իշխանությունը մեր աքիլլեսյան գարշապարն է»: Ստորև ներկայացվող պատմության առնչությամբ ՌԴ քաղաքացի, գործարար Ալեքսեյ Կորեպանովը 3 անգամ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց ապարդյուն: Լավագույն դեպքում կարելի է ենթադրել, որ նախագահը չի միջամտել` հաշվի առնելով, որ դատական համակարգն անկախ է: Այդ դեպքում, սակայն, պետք է նկատի ունենալ, որ դատարանները, շահարկելով նշված հանգամանքը, հաճախ և ակնհայտորեն չարաշահում են իրենց այդ անկախությունը:
Հայտնաբերելով, որ Հայաստանում իրեն «քցել» են, Ա. Կորեպանովը դադարեցրել է Կասկադի հարևանությամբ` Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի մոտ Երևանի գեղեցիկ շենքերից մեկի շինարարությունը: Նա Հայաստանում ներդրումներ կատարելու որոշումը կայացրել էր այն ժամանակ իր ընկեր Վիտոր Տեր-Հովսեփյանի` ժամանակին ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու առաջարկությամբ, հորդորով ու կազմակերպչական օգնությամբ:
Քանի որ խոսքը 12 տարվա ընկերության մասին է, ըստ Ա. Կորեպանովի, ինքը հավատացել և ամբողջությամբ վստահել է նրան: Վ. Տեր-Հովսեփյանը դե-ֆակտո ներդրումներ չի կատարել, ծրագրում 33% մասնաբաժին ունենալու պայմանով իրականացրել է կազմակերպչական աշխատանքները: «Անսուր ինվեստ» ընկերությունը Կասկադում սկսել է բնակելի շենքի շինարարությունը: Սակայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ գործում ներդրված ու Հայաստան ուղարկված գումարներն ամբողջությամբ չեն ծառայել իրենց նպատակին, այսինքն` չեն ներդրվել շինարարության մեջ, շինարարությունը դադարեցվել է, շինությունը շուրջ 2 տարի է` կիսակառույց վիճակում է:
Անցյալ դեկտեմբերին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացնելով վերոնշյալի մասին` Ա. Կորեպանովն ասել էր նաև. «Վիկտորը յուրացրել է այդ գումարները` ինձ ասելով, թե ներդրել է, բայց իրականում այդպես չէր... Երբ սկսվեցին դատական գործերը, այնպիսի տպավորություն ձևավորվեց, որ վերաքննիչ դատարանն Օսիպովի անմիջական մասնաճյուղն է, որովհետև որդին էլ էր ասում, որ իր ծանոթները դատական համակարգում են, իսկ ազգականը` Սամվել Օհանյանը, վճռաբեկ դատարանի դատավոր է»:
Կարևորելով մեր երկրում օտարերկրյա գործարարների ներդրումների պաշտպանվածության և Հայաստանի հանդեպ նրանց հավատը չկորցնելու խնդիրը` ներկայացնում ենք մեր հարցազրուցը դատարաններում Ա. Կորեպանովի շահերը ներկայացնող փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանի հետ:
- Ինչպե՞ս է առաջացել Ա. Կորեպանովի և «Անսուր ինվեստի» հետ կապված այս խնդիրը, դատարաններն իսկապե՞ս հրաժարվել են դրան արդարացի լուծում տալ:
- Նախ պետք է նշեմ, որ ես ներկայացնում եմ ոչ միայն Ալեքսեյ Կորեպանովի շահերը, այլ նաև մյուս ներդրողի` Դմիտրի Կոտովի: Կա նաև երրորդ ներդրողը` Դմիտրի Աֆոնինը, որի շահերն այլ փաստաբան է ներկայացնում: Ի սկզբանե, որքանով որ տեղեկացել եմ իմ վստահորդ Ալեքսեյ Կորեպանովի խոսքերից, Կասկադում բնակելի շենք կառուցելու վերաբերյալ Վիկտոր Տեր-Հովսեփյանի առաջարկությունն ընդունելուց հետո որոշել են դրա համար գնել հողատարածք: Տեղեկացնեմ նաև, որ երբ վերջինս ծրագրի մեջ է մտել, ու սկսել են աշխատել, Ա. Կորեպանովը Վիկտոր Տեր-Հովսեփյանին փոխանցել է 33% փայաբաժին, ինչը ձևակերպել են Վիկտոր Տեր-Հովսեփյանի մոր` Լյուբով Փիլոյանի անունով: Այս համատեղ գործունեության կորիզն այն է, որ Վիկտորը որևէ ֆինանսական ներդրում չի կատարել և իր կապերն ու կազմակերպչական հատկանիշներն է ներդրել:
Ինչևէ, դա էլ է նորմալ համագործակցության ձև, և կարծում եմ, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի այդ ներդրումն էլ պետք է գնահատել: Առ այսօր Ա. Կորեպանովը և նրա ընկերները մոտ 5 միլիոն դոլարի ներդրում են կատարել: Այդ գումարները Հայաստանում տնօրինել է հիմնականում Վիկտոր Տեր-Հովսեփյանը: Նա այդ գումարներով որոշ հողատարածքներ է գնել և ընդհանուր ծրագի հետ կապված որոշ ծախսեր է կատարել (իհարկե, Կորեպանովի պնդմամբ` որոշ գումարներ անհետացել են): Հետագայում Ա. Կորեպանովը և մյուս ռուս ներդրողները կասկածում են Վիկտորի ազնվությանը, ինչի համար վերջնական առիթ է տալիս մեկ գործարքով ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը: Իսկ խնդիրը մոտավորապես այսպես է եղել. Վիկտորը 300000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով Արթուր Մանուկյանից գնել է հողամաս և դրան ավելացնելով այլ անձից գնած հողակտոր` Ա.Կորեպանովին ու մյուս ներդրողներին դա ներկայացրել է 1350000 ԱՄՆ դոլար գնով: Ընդ որում` այդ գումարից 450000 ԱՄՆ դոլարը ստացել է, իսկ 900000 ԱՄՆ դոլարն էլ իր անունից փոխառությամբ կրկին հանձնվել է «Անսուր Ինվեստ» ընկերությանը` գրավի դիմաց: Հատկանշական է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը ռուս ներդրող Դ. Աֆոնինի կողմից վճարված 1350000 ԱՄՆ դոլար գումարի ապահովված գրավը վերացնում է անշարժ գույքի կադաստրում, որպեսզի ամբողջ անշարժ գույքը գրավ դրված մնա իր մոտ:
- Այս պահին ի՞նչ կարելի է արձանագրել:
- Արդյունքում ստացվում է, որ Վիկտորը որևէ գումար չի ներդրել: Ստացել է կազմակերպության 33% բաժնեմասը (իսկ ընկերությունն ունի հողատարածքներ և կիսակառույց շենք), ստացել է 450000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 900000 ԱՄՆ դոլար ստանալու հնարավորություն, որն ապահովված է կազմակերպության գրավով:
- Իսկ ի՞նչ արեցին ռուս ներդրողները, ինչպե՞ս են իրենց ներդրումները պաշտպանում:
- Բնականաբար, սկսվեց դատական գործերի շղթան: Տարբեր հայցեր հարուցվեցին: Փոխադարձաբար կողմերը տարբեր մեղադրանքներ են ներկայացնում միմյանց: Բայց փաստը մնում է փաստ, որ ռուս ներդրողները ներդրել են 5 մլն դոլար գումար, իսկ հիմա ունեն 67% բաժնեմաս մի կազմակերպությունից, որի ունեցած շինության արժեքը չի գերազանցում 5 մլն դոլարը, ունեն նաև 900000 ԱՄՆ դոլարի պարտք` Վիկտորին:
- Փաստորեն, Վիկտոր Տեր-Հովսեփյանն այդ 5 մլն դոլարը նպատակին ծառայեցրել է, քանի որ, ինչպես նշեցիք, այդ անշարժ գույքը կարժենա մոտ 5 մլն դոլար:
- Շատ լավ հարց տվեցիք: Իմ նշած 5 մլն դոլարն այդ անշարժ գույքի (կիսակառույցի) շուկայական արժեքն է այսօրվա դրությամբ, ոչ թե` կատարված ծախսը, մինչդեռ եթե Վիկտոր Տեր-Հովսեփյանը 5 մլն դոլարը ռեալ ներդրում աներ, իր անվան և կապերի շնորհիվ (չէ՞ որ նա այդ անունն էր «ներդրում» արել), ապա, ռուս ներդրողների կարծիքով, այդ անշարժ գույքն առնվազն պետք է նշվածի կրկնապատիկ շուկայական արժեքն ունենար:
- Իսկ Կորեպանովն ինչպե՞ս իմացավ, որ իրեն խաբում են:
- Դա բացահայտվեց Արթուր Մանուկյանի օրինակով: Ինչպես ինձ պատմել է Կորեպանովը, Վիկտորն իրենց խնդրել է 1350000 ԱՄՆ դոլարի հարցը արագ լուծել, որպեսզի Արթուր Մանուկյանի հետ խնդիր չունենան: Երբ Կորեպանովը ծանոթ է գտել Արթուրից ժամկետ խնդրելու համար, Արթուրը զարմացել է, որ իր հողամասն այդչափ մեծ, ահռելի գնով օտարել են Ալեքսեյին:
- Հիմա ի՞նչ վիճակ է դատարաններում:
- Առաջին ատյանի դատարանը վճիռներ կայացրեց մի քանի գործով Ալեքսեյի օգտին, մի քանի գործով` Վիկտորի օգտին: Բայց երբ այդ գործերը գնացին վերաքննիչ քաղաքացիական դատարան, պատկերը միանգամից փոխվեց: Այն գործերով դատական ակտերը, որոնք Վիկտորի օգտին էին կայացվել, թողնվեցին անփոփոխ, իսկ Ալեքսեյի օգտին կայացված վճիռները փոխվեցին և կայացվեցին լրիվ հակառակ որոշումները: Վճռաբեկ դատարանն էլ, «բնականաբար», վերադարձրեց ներդրողների բողոքները: Հատկանշական է, որ վերաքննիչ դատարանը, հղում անելով 2009 թ. մարտի 3-ի մի ժողովի արձանագրությանը, որում նշված է եղել, որ կողմերը միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն, դա տարածել է կողմերի այլ հարաբերությունների վրա (օրինակ` փոխառության) և գտել է, որ որևէ պարտավորություն Վիկտորը կամ նրա մայրը չունեն ներդրողների կամ ընկերության նկատմամբ: Զավեշտալին այն է, որ վերաքննիչ դատարանը նույն կերպ չի մեկնաբանել այդ արձանագրությունը, երբ խոսքը վերաբերել է դրանից ավելի վաղ` 2008 թ. օգոստոսի 21-ին կնքված փոխառության պայմանագրով ընկերության` Վիկտորի նկատմամբ 900000 ԱՄՆ դոլարի պարտքին, որը վերոնշյալ 1350000 ԱՄՆ դոլարի մասն էր: Առանց պատշաճ հիմնավորման վերաքննիչ դատարանն անտեսել է այդ իրողությունը: Սա, իհարկե, բացասական նախադեպ է: Ստացվում է, որ եթե որևէ մեկը մեկ այլ գործարքով մի քիչ անորոշ հայտարարություն գրի, որ որևէ պարտք չունի, ապա դա կարող են տարածել այդ անձի բոլոր պարտավորությունների վրա: Մինչդեռ պարտավորության դադարեցման հիմք հանդիսացող ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼԸ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն, նույնպես գործարք է և պետք է ունենա իր որոշակի առարկան, այսինքն` նշված լինի կոնկրետ ներվող պարտավորությունը:
Մի կարևոր հանգամանք. Վիկտորը չի վճարել նաև Արթուր Մանուկյանի գումարը, և նա էլ է դիմել դատարան ընդդեմ Վիկտորի` միանալով ռուս ներդրողներին: Արթուր Մանուկյանի հայցը վերաքննիչ դատարանը մերժել է հայցային վաղեմությունն անցած լինելու հիմքով` հակասելով վճռաբեկ դատարանի «նախադեպային» որոշմանը, որ ցպահանջ պարտավորությունների դեպքում վաղեմության ժամկետը սկսվում է գումարը վճարելու պարտավորությունը ծագելուց հետո, որը ծագում է, երբ պարտատերն այդպիսի պահանջ է ներկայացնում:
- Ձեր կարծիքով` ինչո՞ւ են վերաքննիչ և վճռաբեկ դատարաններն անարդարացի որոշումներ կայացրել:
- Ենթադրում եմ, որ Օսիպովի ուղղակի ազդեցությունն է: Տեղեկություններ կան նաև, որ վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Օհանյանը Վիկտոր Տեր-Հովսեփյանի ազգականն է: Ասեմ նաև, որ դատարանների թույլ տված օրինախախտումների, կամայական, անարդարացի, աչառու վերաբերմունքի սոսկ մի մասը նշեցի, բոլորը ներկայացնելու համար ժամանակը չի բավականացնի:
- Իսկ ի՞նչ են մտածում ռուս ներդրողները: Ի՞նչ լուծում կունենա հարցը:
- Ուշագրավ է, որ Ալեքսեյ Կորեպանովն ավելի լավատես է, քան իր հայաստանյան գործընկերները: Ալեքսեյն է մխիթարում նրանց, որ հույս ունի արդարության հասնելու, սակայն պետք է հակառակը լիներ: Բոլոր դեպքերում, փաստ է, որ շենքի շինարարությունը կասեցված է, իսկ դա նշանակում է, որ լրացուցիչ ֆինանսական հոսքեր արտերկրից չեն գալիս Հայաստան: Ես նույնպես հույս ունեմ, որ այս խնդիրն ի վերջո կլուծվի, և Վիկտոր Տեր-Հովսեփյանը շրջահայացություն կցուցաբերի խնդիրը հաշտությամբ` օբյեկտիվության, արդարացիության ու շահերի ճիշտ հավասարակշռման սկզբունքների հիման վրա լուծելու կապակցությամբ: Չէ՞ որ հակառակ դեպքում մենք կունենանք Հայաստանից խռոված ներդրողներ:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել