HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների խոշորացումից հետո Կոտայքի մարզում մշակութային կազմակերպությունների թիվը կեսով կրճատվել է

1996թ․–ի գույքագրման տվյալներով՝ Կոտայքի մարզը Խորհրդային Հայաստանից 57 մշակութային կազմակերպություն (մշակույթի կենտրոն, մշակույթի տուն և ակումբ) էր ժառանգել։ Նույն թվականին կառավարությունը դրանք հանձնեց մարզի քաղաքային ու գյուղական խորհուրդների ենթակայությանը, որից էլ սկսվեց մշակութային կյանքի հետընթացը։

Հետագայում կառավարությունն այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ մշակութային կազմակերպությունները համայնքների ենթակայությանը փոխանցելիս հաշվի չէին առնվել համայնքների կարողությունները։ «Իրավական դաշտի անկատարությունը, ոչ բարվոք տնտեսական իրավիճակը, մասնագետների արտահոսքը, ընդհանուր ռազմավարական ծրագրերի բացակայությունը հնարավորություն չտվեցին մշակութային կյանքը մարզերում արդյունավետ և լիարժեք կազմակերպել»,– ասվում է «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության 2007թ․ որոշման մեջ:

Հիշյալ որոշումն ընդունելիս Կոտայքի մարզում արդեն 47 մշակույթի տուն ու ակումբ է հաշվառվել։ Այսինքն՝ մեկ տասնամյակում մշակութային կազմակերպությունների քանակը մարզում պակասել էր տասով, բայց կառավարությունն այդ թվին էլ հավատ չի ընծայում։ Խորհուրդ է տալիս խիստ վերապահումով մոտենալ վիճակագրական տվյալներին։ Մշակութային կազմակերպությունների առկայությունը դեռևս չի նշանակում ակտիվ մշակութային կյանք, քանի որ դրանց մեծ մասը մշակութային միջոցառումներ չի իրականացնում՝ չունենալով համապատասխան պայմաններ և հաստիքներ:

Կառավարության գնահատմամբ՝ մշակույթի տների բաշխվածությունն (մշակույթի տուն/բնակչություն հարաբերակցությունը) անբավարար է եղել Կոտայքի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Վերջին տարիներին հանրապետությունում իրականացված վարչատարածքային փոփոխություններից՝ համայնքների խոշորացումից հետո Կոտայքի մարզի մշակութային կազմակերպությունների թիվը դարձյալ կեսով կրճատվել է՝ էլ ավելի մեծացնելով մարզում մշակույթի տների բաշխվածության անհամամասնությունը։

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ համայնքների խոշորացումից հետո Կոտայքի մարզում ձևավորված 11 համայնքում (67 բնակավայր) բազմաթիվ մշակույթի տներ են լուծարվել, շենքերի մի մասը գոյություն չունի։ Ներկայումս 21 մշակույթի տուն է գործում, և անգամ դրանց գործունեությանը պետք է վերապահումով մոտենալ։ Որոշ համայնքներում մշակույթի տներն ընտրանքային կարգով ենթարկվել են կառավարման մոդելի փոփոխության՝ միավորվել են այլ, միմյանցից տարբեր գործառույթ ունեցող կազմակերպությունների հետ՝ փաստացի դառնալով չգործող կառույցներ։

2018թ․-ին պետական կառավարումը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած կառավարությունը պաշտոնական որևէ փաստաթուղթ չի ընդունել այդ կազմակերպությունների կառավարման ձևի փոփոխության վերաբերյալ։ Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրողաբար են իրականացրել այն, որի արդյունքում նույն մարզում, անգամ նույն համայնքում մշակույթի տները միմյանցից տարբեր կառավարում ունեն։

«Կոտայքի մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» մշակութային քաղաքականության հիմքում կառավարության 2007թ․ որոշման գերակայություններն էին դրված։ Առաջնահերթությունների տասնյակում ներառված էր մշակութային ու մարզական շենք–շինությունների հիմնանորոգումը և ժամանակակից տեխնիկական սարքավորումների հագեցվածության ապահովումը։ Հիշյալ ծրագրում նշվում է, որ վերջին տարիներին լրիվ հիմնանորոգվել և մասնակի նորոգվել են մարզի 18 մշակութային օբյեկտներ, որոնք կազմում են մշակույթի տների 29 %-ը:

Վերջին վեց տարիների ընթացքում համայնքներին տրվող սուբվենցիայի ծրագրով մարզում երկու մշակույթի տուն է կառուցվում՝ Ջրվեժ և Վերին Պտղնի գյուղերում։ Եվս մեկ շինություն՝ նախկին ճաշարանը, ազգային փոքրամասնություն ասորիներով բնակեցված Արզնի համայնքում վերակառուցվում է՝ մշակույթի կենտրոն դարձնելու համար։ Հիմնանորոգվել է 7 մշակույթի տուն, մասնակի վերանորոգվել է 4–ը։

2022թ․-ին մարզի մշակույթի տների վերանորոգման վերաբերյալ հայտեր չեն հաստատվել։

2023թ․-ին Գառնի գյուղի մշակույթի տան վերանորոգման հայտը հաստատվել է, բայց գումար չի հատկացվել։

Մշակույթի տների ընտրանքային միավորում Հրազդան և Գառնի համայնքներում

2021թ․–ի դեկտեմբերին մարզկենտրոն Հրազդան քաղաքի հետ միավորված Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ և Ջրառատ գյուղերից միայն վերջինը մշակույթի տուն չունի: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի առաջարկով ավագանին Լեռնանիստի և Սոլակի մշակույթի տուն ՀՈԱԿ–ները միավորել է Հրազդանի դրամատիկական թատրոնի հետ։

«Սոլակ գյուղի Պերճ Բադալյանի անվան մշակույթի տուն» և Լեռնանիստի մշակույթի տուն ՀՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպել` «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի»,– այս որոշումը ավագանին ընդունել է 2022թ․-ի մայիս ամսին։ Նորաստեղծ ՀՈԱԿ–ում չեն միավորել Քաղսիի մշակույթի տունը։

Թե որքանով է արդարացված համայնքային ծառայություն մատուցող երկու տարբեր կանոնադրական նպատակ ունեցող կազմակերպությունների միավորումը մեկ հիմնարկում, և կազմակերպաիրավական այս ձևը որքանով լուծեց մշակույթի տների գործունեության համար առաջ քաշված խնդիրները՝ դեռևս չի ուսումնասիրվել։ Եթե միավորելն արդարացված է, ինչո՞ւ Քաղսիինն էլ չեն միավորել այդ ՀՈԱԿ–ում։

Մինչև Հրազդան համայնքի կազմի մեջ մտնելը, Քաղսի համայնքի 2017-21թթ․ զարգացման ծրագրում կարևորել են մշակույթի տան կապիտալ նորոգման հարցը։ Շենքը մասնակի են վերանորոգել, որի արդյունքում մաքրել են շինությանն արժեք տվող ամենակարևոր բաղադրիչը՝ հայտնի նկարիչ Հենրիկ Սիրավյանի որմնանկարները։ Մեր նախորդ հրապարակման մեջ նշել ենք, որ Հենրիկ Սիրավյանը երկու որմնանկար էր պատկերել Քաղսի գյուղի մշակույթի տան պատին՝ «Աղբյուրի մոտ» (2X12մ) և «Որս» (4X7մ)։ Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի ասենք՝ և՛ համայնքի ղեկավարը, և՛ մշակույթի տան ղեկավարը մշակույթից պատկերացում չունեն և մշակույթ ուսուցանել չեն կարող։  

2021թ․ դեկտեմբերին խոշորացված Գառնի համայնքում միավորվել են Գեղադիր, Գողթ, Հացավան, Գեղարդ, Ողջաբերդ գյուղերը։ Վեց գյուղերից մշակույթի տուն ունեն Գառնին և Հացավանը։ Հացավանի մշակույթի տունը 2019թ․–ին վերանորոգվել է սուբվենցիայի ծրագրով, սակայն չի գործում։

Գառնիի «Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ը և Գառնիի գեղարվեստի դպրոցը համայնքի ավագանու 2022 թ.-ի մայիսի 30-ին ընդունած որոշումով լուծարվել են։ Ստեղծվել է «Գառնիի Արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ, որում միավորվել են նշված երկու ՀՈԱԿ-ները։ Ավագանու որոշման անօրինականությանն անդրադարձել ենք ժամանակին, իսկ միավորումից երկու տարի անց կարող ենք պնդել, որ կառավարման այս ձևի ընտրությամբ երկու կազմակերպությունների գործունեությունն էլ ձախողվել է։

Չարենցավան համայնքում լուծարել են բոլոր մշակույթի տները

Չարենցավան համայնքը խոշորացվեց 2017թ․ նոյեմբերին, Չարենցավան քաղաքի հետ համայնքի կազմում միավորվեցին Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան գյուղերը։ 1996թ․–ի գույքագրման արդյունքներով՝ նշված բոլոր գյուղերում  մշակույթի տներ են գործել, իսկ Ֆանտան գյուղում՝ ակումբ։ Դրանցից ոչ մեկը ներկայումս չի գործում, համայնքապետարանը լուծարել է։

Չարենցավանի մշակույթի տունը կառուցվել է 1949թ.-ին, ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանի նախագծով: Ըստ հեղինակի կայքի՝ այն ունեցել է 300 տեղանոց դահլիճ, որը 1990–ական թվականներին ամբողջությամբ քանդվել է՝ նոր դահլիճ կառուցելու պատրվակով, շինարարությունն այդպես էլ չի ավարտվել։ Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը հաստատեց, որ շինությունն այդ թվականներից անավարտ է մնացել։ Հետագայում մի հատվածը վերանորոգվել է, և այնտեղ գործում է արվեստի դպրոցը, մշակույթի տուն չունեն։

Չարենցավան համայնքի ավագանին 2017թ․ դեկտեմբերի 22–ի որոշումով լուծարել է Ալափարս գյուղի  մշակույթի տունը: Ալափարսի մշակույթի տունը երբևէ չի վերանորոգվել։ Մինչև Չարենցավանի հետ միավորվելը համայնքապետարանը 2021թ․-ին պլանավորել էր անհապաղ վերանորոգել շենքի տանիքը։ Միավորվելուց հետո Չարենցվան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը նախընտրել է լուծարել մշակույթի տունը։ Եվ ոչ միայն Ալափարսինը՝ լուծարվել են համայնքի կազմում ընդգրկված բոլոր գյուղերի մշակույթի տները։

Մինչև Չարենցավանի հետ միավորվելը Բջնիի, Արզականի և Կարենիս գյուղերի մշակույթի տները գործել են։ Նշված համայնքներն իրենց վերջին հնգամյա ծրագրերում նկարագրել են մշակույթի տների գործունեությունն ու շենքերի անմխիթար վիճակը, նաև՝ հիմնանորոգելու անհրաժեշտությունը։ Չնայած լուծարելու մասին որոշումներ չկան Չարենցավան համայնքի պաշտոնական կայքում, սակայն դրանց գործունեությունը  դադարեցվել է խոշորացվելուց հետո։

Արզական համայնքի 2017-2021թ․ ծրագիր․ մշակույթի տունը կառուցման օրվանից չի վերանորոգվել: Ջեռուցումն իրականացվում է վառարանների և էլեկտրական սալիկների միջոցով: Վերանորոգման համար պահանջվում է մոտ 65 մլն դրամ, որը համայնքի բյուջեի միջոցներով անհնար է իրականացնել: Անհրաժեշտ է ներգրավել արտաբյուջետային միջոցներ։ Համայնքի բյուջեի միջոցների հաշվին միայն հիմնովին նորոգվել է շինության տանիքը, մշակույթի տան շենքում է գործում նաև «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը: Մշակույթի տանը սովորում է 100 երեխա, գործում են` պարի, դաշնամուրի, հարվածային գործիքների, կերպարվեստի, ասեղնագործության խմբակներ:

Բջնի համայնքն ունի մշակույթի տուն, որի հիմնական մասը գտնվում է վթարային վիճակում, 2015թ․-ին շենքի մի հատվածը վերանորոգվել է։ Գործում են՝ պարի, կերպարվեստի խմբակներ, ուր հաճախում է 125 երեխա։ Համայնքապետարանը նույնպես գտնվում է մշակույթի տանը։ Բջնիի մշակույթի տան վիճակը նկարագրել ենք մեր վերջին հրապարակման մեջ։

Կարենիս գյուղի մշակույթի տունը բարվոք վիճակում է։ Ըստ ներկայացված տեղեկատվության՝ շենքը վերանորոգվել է 2002թ․–ին, «Արգել» հէկի պարտքերի դիմաց։ Լուծարելուց առաջ այստեղ գործել են խմբակներ, որոնք աստիճանաբար փակվել են։ Մշակույթի տան շենքում ներկայումս տեղակայված է գրադարանը և գյուղի վարչական ղեկավարի աշխատակազմը։ Գրադարանավարի հաստիք չկա, վարչակազմի աշխատակիցներից մեկը կամավոր է սպասարկում։

Մշակույթի տների թիվը համեմատաբար մեծ է Նոր Հաճն, Նաիրի և Աբովյան համայնքներում

Նոր Հաճն համայնքը խոշորացվել է 2021թ․ դեկտեմբերին՝ միավորվելով 8 գյուղերի հետ՝ Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Քանաքեռավան և Քարաշամբ։ Նշված գյուղերից մշակույթի տուն չի ունեցել միայն Նոր Արտամետը։ Համայնքում ներկայումս գործում են Նոր Հաճնի, Նոր Գեղիի, Արգելի և Գետամեջի մշակույթի տները։

Արգելի՝ Հրաչյա Քոչարի անունը կրող մշակույթի տունը մինչև խոշորացվելը վերանորոգվել և ապահովվել է գույքով։ Այս շենքը կառուցվել է 1947թ.–ին,  նախագծի հեղինակը դարձյալ ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանն է։

Մրգաշեն գյուղի  «Մրգաշենի մարզամշակութային տուն» ՀՈԱԿ-ը Նոր Հաճնի ավագանու 2022թ․  հունվարի որոշումով լուծարվել է: Մրգաշենի մշակույթի տունը, որը 1280 քմ տարածք է զբաղեցնում, ներկայումս չի գործում, այն կապիտալ վերանորոգման կարիք ունի։

Մինչև խոշորացվելը չեն գործել նաև Քանաքեռավանի և Թեղենիքի մշակույթի տները։ Մինչև Նոր Հաճնի հետ միավորվելը Քանաքեռավանի մշակույթի տունը վերանորոգելու համար 2018թ․ սուբվենցիայի ծրագրով գումար է հատկացվել։

Թեղենիքի մշակույթի տունը կառուցվել է 1981թ․-ին, այն 2003թ․-ից չի գործում՝ անմխիթար վիճակի պատճառով։

Նաիրի համայնքում Եղվարդ քաղաքի հետ միավորված բոլոր 7 գյուղերը՝ Զովունի, Արագյուղ, Զորավան, Բուժական, Սարալանջ, Քասախ, Պռոշյան, խորհրդային շրջանում մշակույթի տներ են ունեցել։ Նաիրին Կոտայքի մարզի միակ համայնքն է, որտեղ գյուղերի մեծ մասի՝ Եղվարդ, Զովունի, Արագյուղ, Քասախ, Պռոշյան, մշակույթի տները վերջին տարիներին հիմնանորոգվել են, համալրվել են գույքով և գործում են։

Աբովյան համայնքը ձևավորվել է 2021թ․ սեպտեմբերին Աբովյան քաղաքի և հարակից 10 գյուղերի միավորումով՝ Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կամարիս, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Պտղնի և Վերին Պտղնի գյուղերը։ Դրանց մի մասում խորհրդային շրջանում ակումբներ են գործել։

Մինչև խոշորացվելը ամբողջությամբ հիմնանորոգվել և գույքով ապահովվել է Գեղաշեն գյուղի մշակույթի տունը։ Վերին Պտղնիում 2020թ․-ին հաստատված սուբվենցիայի ծրագրով նոր մշակույթի տուն է կառուցվում և դեռևս շահագործման չի հանձնվել։ Այսպիսով, ներկայումս գործում են՝ Աբովյանի, Արամուսի, Գեղաշենի, Կամարիսի և Առինջի մշակույթի տները։

Բյուրեղավան համայնքում Բյուրեղավան քաղաքի հետ միավորվել են Նուռնուս և Ջրաբերը գյուղերը, որոնք մշակույթի տուն չեն ունեցել։ Բյուրեղավան քաղաքի մշակույթի տունը հիմնանորոգվել է 2018թ․ սուբվենցիայի ծրագրով։

Ավագանին 2020թ․-ի մարտին Նուռնուս  բնակավայրում  համայնքային  կենտրոն կառուցելու մասին որոշում է ընդունել։ Նույն թվականին հանձնաժողովը հաստատել է Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոն կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու հայտը։ «Նուռնուսում չկա որևէ մշակութային օջախ, ինչը մեծ խնդիր է հատկապես երեխաների մշակութային դաստիարակության համար: Ծրագրի իրականացումից հետո Նուռնուսը կունենա նոր, ժամանակակից համայնքային կենտրոն, որտեղ կտեղակայվեն մանկապարտեզը, գրադարանը, դահլիճը և անհրաժեշտ այլ սրահներ, ինչը հնարավորություն կտա բնակավայրում ակտիվացնել մշակութային կյանքը ․․․»,– նշված է սուբվենցիայի հայտում։

Ծաղկաձոր համայնքը խոշորացվել է 2021թ սեպտեմբերին՝ միավորվելով մինչ այդ խոշորացված Մեղրաձոր համայնքի հետ։ Մեղրաձոր համայնքը խոշորացվել էր 2017-ին՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Արտավազ, Փյունիկ, Հանքավան գյուղերի միավորումով: Նշված գյուղերն ունեցել են ակումբներ և մշակույթի տներ։ Այս համայնքում միայն Մեղրաձորի մշակույթի տունն է գործում, այն մարզում լավագույններից է համարվում, կենտրոնի խմբակներում 105 երեխա է ընդգրկված։ Շենքը մասնակի վերանորոգման կարիք ունի, չի ջեռուցվում:

Ակունք համայնքը խոշորացվել է 2017թ․–ին՝ միավորելով 8 գյուղ՝ Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ և Սևաբերդ։ Ակունք բազմաբնակավայր համայնքում միավորված 8 գյուղերը Կոտայքի մարզի ամենաաղքատ, ենթակառուցվածքներից զուրկ գյուղերն են։ Մեր նախորդ հրապարակման մեջ նշել ենք, որ համայնքը չունի մշակույթի տուն (բացառությամբ Կոտայք գյուղի), երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ։

Համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ին հայտնել էր, որ մշակույթի տներից ոչ մեկը բարվոք վիճակում չէ, դրանք նվազագույնը 50-60 տարվա շինություն են։ Շենքերից երկուսը հնարավոր է հիմնանորոգել, սակայն դրանց համար սուբվենցիա չեն տրամադրում, քանի որ շատ մաշված են։ 

Կոտայք գյուղի մշակույթի տունը մինչև խոշորացվելը՝ 2013-15թթ․-ին, վերանորոգվել  և կահավորվել է «Քանութերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության և համայնքի ֆինանսական միջոցներով։ Դահլիճը վերանորոգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի ֆիանանսական աջակցությամբ։ Շենքի համար գույք է ձեռք բերվել, շրջակայքը ցանկապատվել և բարեկարգվել է։ Շենքը չունի ջուր և ջեռուցման համակարգ։

Ջրվեժ համայնքում միավորված Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք գյուղերից ոչ մեկը մշակույթի տուն չունի։ Խորհրդային շրջանում կառուցված ակումբները կիսավթարային շինություններ են և ենթակա չեն վերականգնման։ 2022թ սեպտեմբերին ավագանին Ջրվեժ գյուղում համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն կառուցելու որոշում է ընդունել։ Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է ավելի քան 818 մլն դրամ գնահատված հայտը, որից մոտ 532 մլն դրամը կամ նախատեսված ծախսերի 65 %-ը ներդրվելու է համայնքի բյուջեից։

Նախատեսվածի համաձայն՝ կենտրոնում կգործեն Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցը, ազգային մշակութային տարբեր խմբակներ, կունենա դահլիճ՝ տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպելու համար:

Ավագանիները մշակույթի տները վերանորոգելու մասին որոշումներ են կայացրել, հանձնաժողովը հայտերը չի հաստատել

Կոտայքի մարզի համայնքներում մշակույթի տների չգործելու հիմնական պատճառը շենքերի անմխիթար վիճակն է, պայմանների բացակայությունը։ Այդուհանդերձ, խոշորացվելուց հետո մշակույթի կենտրոնները նորոգելու վերաբերյալ համայնքների ներկայացրած սուբվենցիոն հայտերը սակավաթիվ են, ներկայացված հայտերի մեծ մասն էլ մերժվել է։

Գրեթե բոլոր գյուղերը մինչև խոշորացվելն իրենց հնգամյա զարգացման ծրագրում ներառել են մշակույթի տունը նորոգելու կամ նորը կառուցելու հարցը։ Խոշորացվելուց հետո մի քանի համայնքներում ավագանին մշակույթի տները վերանորոգելու մասին որոշումներ է ընդունել, սակայն Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հայտերը չի հաստատել։ Կան հայտեր, որոնք հաստատվել են, սակայն չեն ֆինանսավորվել։

Նոր Հաճն համայնքի ավագանին 2022թ․ հոկտեմբերին Մրգաշեն և Քարաշամբ գյուղերի  մշակույթի տները վերանորոգելու համար սուբվենցիա ստանալու որոշում է ընդունել, որը հանձնաժողովը չի հաստատել։

Ավագանին 2022թ․ ապրիլի 27–ին Նոր Հաճն քաղաքի «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի համար գույք ձեռք բերելու սուբվենցիայի ծրագիր է ընդունել, որը դարձյալ չի հաստատվել։

Ծաղկաձոր համայնքի ավագանին 2022թ․ դեկտեմբերին Աղավնաձոր գյուղի մշակույթի տունը մասնակի վերանորոգելու մասին որոշում է ընդունել, այս հայտը նույնպես չի հաստատվել։

Գառնի համայնքի մշակույթի տան վերանորոգման հայտը միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է, բայց չի ֆինանսավորել։

Գործող կառավարությունը մարզերում մշակութային գերակայություններ չի սահմանել

«ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» 2007թ․ ապրիլի 5–ի N 589-Ն որոշումով կառավարությունն առաջնային է համարել մարզերում մշակույթի տների, հատկապես՝ սահմանամերձ գյուղերի մշակույթի տների առաջնահերթ վերականգնումը։ «Գյուղական համայնքներում դրանք բազմաբնույթ գործառույթներ ունեն. այնտեղ է տեղակայված գրադարանը, ժամանցի կենտրոնը, գործում են ազգագրական խմբերը, ժողովրդական վարպետները և, ընդհանրապես, դրանք մշակութային ու հասարակական միջոցառումների կազմակերպման հիմնական վայրն են: Այն մեծ կարևորություն ունի նաև ազգային անվտանգության խնդիրների լուծման տեսանկյունից»,– ասվում է որոշման մեջ:

Հատկանշական է, որ կառավարության 2007թ․–ի որոշման մեջ մարզերում մշակութային քաղաքականության ձախողման պատճառ է համարվում նաև մարզպետարաններում մշակույթի և կրթության բաժինները մեկ վարչությունում միավորելը։ Դրա պատճառով սահմանափակվել է մշակութային հարցերով զբաղվող մասնագետների թիվը, որի հետևանքով հիմնախնդիր է դարձել մշակութային քաղաքականության իրականացումը մարզերում։ Առաջարկվում է մշակույթի բաժիններն առանձնացնել կրթությունից։

Գործող կառավարությունը տրամագծորեն հակառակ քաղաքականությունն է վարում։ «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության» ծրագրում նշվում է, որ մշակույթն ազգային անվտանգության ապահովման գրավականն է։ Սակայն, վարվող քաղաքականությունը նպատակաուղղված չէ ազգային մշակույթի զարգացմանն ու պահպանմանը։ Մարզերում՝ հատկապես։

Գլխավոր լուսանկարում՝ Արագյուղի մշակույթի տունը, աղբյուրը՝  մշակույթի տան ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter