
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա։ Նա կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի տելեգրամյան ալիքին։
«Եվ նաև՝ հատուկ իրադարձություն, որին մասնակցելը մեզ համար շատ պատվաբեր է. Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի տոնակատարությունը։ Այս միջոցառումն այսօր էլ հիշեցնում է հանուն ազատության և ժողովրդավարության ցուցաբերած խիզախության և վճռականության մասին։ Դաշնակիցներն այն ժամանակ պաշտպանում էին Եվրոպայի ազատությունը, ուկրաինացիներն էլ այժմ են պաշտպանում Եվրոպայի ազատությունը։ Միասնությունը հաղթեց այն ժամանակ, իսկական միասնությունը կարող է հաղթել նաև հիմա»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր BFMTV-ն, իր այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ելիսեյան պալատում նշել են, որ հանդիպումը կդառնա Ուկրաինային աջակցող համաժողովի շարունակությունը, որը փետրվարի 26-ին տեղի էր ունեցել Փարիզում:
Ուկրաինայի նախագահը ելույթ կունենա նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի առջև և կհանդիպի Ազգային ժողովի ղեկավար Յաել Բրաուն-Պիվեի հետ:
Լուսանկարը՝ Ludovic MARIN/POOL/AFP/POOL
Մեկնաբանել