HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մենք չենք թույլատրում հարվածել Մոսկվայի, Կրեմլի ուղղությամբ». Ջո Բայդեն

ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ չի տվել ամերիկյան զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար։ Այդ մասին ամերիկյան ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը ուղիղ չի պատասխանել լրագրող Դևիդ Մյուիրի այն հարցին, թե արդյոք ամերիկյան զենքն արդեն իսկ կիրառվել է Ռուսաստանի ներսում գտնվող թիրախների ուղղությամբ: Միևնույն ժամանակ Բայդենն ընդգծել է, որ Կիևին արգելված է այդ զենքով հարձակվել Մոսկվայի վրա:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ուկրաինական կողմին թույլատրվել է «հարվածներ հասցնել սահմանի մոտ՝ ի պատասխան Ուկրաինայում կոնկրետ թիրախների ուղղությամբ ռուսական հարձակումներին»:

«Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոնի վրա (մոտավորապես 320 կիլոմետր, խմբ.) դեպի Ռուսաստանի խորքը և թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին»,- ընդգծել է Ջո Բայդենը։ 

ABC News-ի լրագրողը ԱՄՆ նախագահից նաև հետաքրքրվել է, թե ինչ է նա մտածում Վլադիմիր Պուտինի այն խոսքերի մասին, որն Ուկրաինային բարձր ճշգրտության արևմտյան զենքի մատակարարումն անվանել է ուղղակի մասնակցություն պատերազմին:

««Ես նրան ճանաչում եմ ավելի քան 40 տարի։ Եվ նա ինձ անհանգստացնում է արդեն 40 տարի։ Նա անազնիվ մարդ է։ Նա բռնապետ է, ով պայքարում է իր երկիրը պահելու համար՝ միևնույն ժամանակ շարունակելով հարձակումը: Մենք չենք խոսում նրանց զենք տալու մասին, որպեսզի հարված հասցնեն Մոսկվային, Կրեմլին, այլ միայն հարված հասցնեն հենց սահմանի այն կողմի ուղղությամբ, որտեղից նրանք լուրջ գնդակոծության են ենթարկվում սովորական զինատեսակներից, որոնք ռուսները օգտագործում են Ուկրաինա ներխուժելու և ուկրաինացիներին սպանելու համար»,- հայտարարել է Բայդենը։

Ուկրաինան մի քանի շաբաթ շարունակ Սպիտակ տնից թույլտվություն էր խնդրում ամերիկյան զենքով Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Մայիսի 31-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գաղտնի կերպով նման թույլտվություն է տվել՝ թույլատրելով ամերիկյան զենքն օգտագործել Խարկովի ուղղությամբ հարվածների համար՝ ռուսական զորքերի հարձակումները կանխելու նպատակով։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ուկրաինացի զինվորականներն արդեն իսկ ամերիկյան զենքն օգտագործել են Բելգորոդի մարզում գտնվող թիրախներին հարվածելու համար:

Լուսանկարը՝ Evan Vucci/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter