
Սունակը վերահաստատել է Ուկրաինային աջակցության բրիտանական կողմի հանձնառությունը
Մեծ Բրիտանիան նախկինի պես աջակցում է Ուկրաինային և մտադիր է շարունակել իր աջակցությունը։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավար Ռիշի Սունակը։
«Վարչապետը սկսել է զրույցը՝ հաստատելով Միացյալ Թագավորության անսասան հանձնառությունը Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասված է բրիտանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Այնտեղ նաև նշվում է, որ կողմերը քննարկել են Խարկովի մարզում տիրող իրավիճակը և հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայանալիք Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովը, որի անցկացմանը, Սունակի խոսքով, աջակցում է Լոնդոնը:
«Վարչապետը կրկնել է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է, որ միջազգային հանրությունը շարունակի աջակցել Ուկրաինային: Նա հայտարարել է, որ սպասում է հաջորդ շաբաթ G7-ի առաջնորդների հանդիպման ժամանակ այդ թեման քննարկելու հնարավորությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Efrem Lukatsky / Associated Press
Մեկնաբանել