HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ռուսական գլխավոր հյուպատոսությունների բացման հարցը

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում ռուսական գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, ու Ռուսաստանն այդ հարցում հաջողության հույս ունի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Ռուսաստան - Ադրբեջան» պանելային քննարկման ժամանակ։ 

«Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների շարունակական զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար նոր հնարավորությունների որոնմանը կհամապատասխաներ Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծումը։ Մենք հիմա ադրբեջանցի ընկերների հետ այդ խոսակցությունն ենք վարում ու հույս ունենք, որ այն ևս հաջողությամբ կպսակվի»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Գալուզինն ընդգծել է, որ այսօր ռուս-ադրբեջանական հարաբերությունները  «հրաշալի են»։ «Դրանք դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության հարաբերություններ են՝ համաձայն 2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագրի», - հավելել է նա:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման վրա: «Երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն ասել է, որ զգում է Ադրբեջանի նախագահի աջակցությունը ռուսաց լեզվի ուսուցման հարցում, քանի որ դա կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Սա նույնպես մեր համատեղ աշխատանքի կարևոր մասն է, մենք այն միասին ենք վարում, այստեղ նոր հնարավորություններ ենք գտնում, շատ ակտիվ քննարկում ենք այդ հարցերը», - ընդգծել է Գալուզինը։ 

«Ես վստահ եմ, որ եթե մենք գնանք նույն ճանապարհով, ապա ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամենահաջող, հուսալի և պրագմատիկ զարգացումն ակտիվորեն կշարունակվի մեր առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Լուսանկարը՝ РИА Новости / Владимир Федоренко

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter