
Էներգաարդյունավետության միջոցառումները չեն հասցվել ավարտին, ծրագիրը երկարացվել է ևս 3 տարով
«Հետքի» հարցերին պատասխանել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը։
-Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ամբողջությամբ չեն իրականացվել այն հասցեներում, որը Շրջակա միջավայարի նախարարությունը (ՇՄՆ) մեզ տրամադրել է որպես ծրագրի լիարժեք մասնակից/շահառու շենքեր։ Օրինակ՝ Տաշիրի Անի թաղամասի որևէ շենքում նկուղը ջերմամեկուսացված չէր, ջրի տաքացուցիչներ կամ արևային կայաններ տեղադրված չէին նշված հասցեներում (Անի թաղամաս 1/1, 1/2, 2/2, 2/3)։ Ի՞նչ բացատրություն ունի սա:
-Ինչպես տեղյակ եք, էներգաարդյունավետ արդիականացումն իրենից ենթադրում է մի շարք հատուկ միջոցառումների իրականացում: Այնուամենայնիվ, ոչ բոլոր տեսակի շենքերի համար է հնարավոր կիրառել այդ բոլոր միջոցառումները: Սովորաբար, բազմաբնակարան բնակելի շենքերի (ԲԲՇ) ջերմաարդիականացման նախագծով նախատեսված չէ կիրառել նկուղների ջերմամեկուսացում և արևային համակարգերի (ջրատաքացուցիչ և/կամ ֆոտովոլտային) տեղադրում, քանի որ՝
ա) նկուղների ծածկերի ջերմամեկուսացումը հաճախ հնարավոր չէ իրականացնել, հիմնականում՝ հասանելիության սահմանափակման և բնակիչների կողմից կատարված ներքին փոփոխությունների պատճառով,
բ) կենտրոնական ջեռուցման կամ վերականգնվող էներգիայի համակարգերը հիմնականում չեն կարող տեղադրվել բազմաբնակարան բնակելի շենքերում:
Տաշիր համայնքի Անի թաղամասի նշված շենքերը բազմաբնակարան բնակելի շենքեր են, և, հետևաբար, ինչպես իրավացիորեն նկատել եք, վերը նշված միջոցառումները հնարավոր չէր իրականացնել ջերմաարդիականացման ընթացքում: Համապատասխան նախագծերը (ջերմաարդիականացման աշխատանքների ստույգ շրջանակը) այս ԲԲՇ-ների համար պատրաստվել են Տաշիրի համայնքապետարանի կողմից՝ հիմնվելով աշխատանքների տեխնիկական իրագործելիության վրա և հաստատվել են ՀՀ կառավարության պետական սուբվենցիոն ծրագրով: Այս կոնկրետ դեպքում աշխատանքների շրջանակը ներառում էր էներգաարդյունավետ արդիականացման բոլոր տեխնիկապես իրագործելի միջոցառումները, հետևաբար այդ աշխատանքները Ծրագրի կողմից որակվում են որպես ամբողջական արդիականացում:
-Մեր այցելած երևանյան մանկապարտեզների մեծ մասի տնօրենները տեղյակ չէին, որ իրենց մոտ նման միջոցառում է կատարվել, ավելին, այդ մանկապարտեզներում չկային էներգաարդյունավետության անձնագրեր, որոնք առկա էին այլ մանկապարտեզներում, որտեղ նույնպես, ըստ ՇՄՆ ցանկի, իրականացվել է ծրագիրը։ Օրինակ՝ Նորաշենի թիվ 50 մանկապարտեզ, Դավթաշենի թիվ 58 մանկապարտեզ և այլն։ 4 մանկապարտեզ դեռևս կառուցման փոլում են։ Ինչպե՞ս է դա ստացվել։ Որոշ մանկապարտեզներում ասացին, որ նոր են եկել այդ հարցերով, ինչ-որ բաներ պիտի իրականացվեն։
-Ինչպես տեղյակ եք, մանկապարտեզները գտնվում են քաղաքապետարանների/համայնքապետարանների ենթակայության տակ: Նորաշեն 47/2 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզը և Դավթաշենի 1-ին թաղամասի 27/2 հասցեում գտնվող 58 մանկապարտեզը գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, և նշված մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները վերահսկում է Երևանի քաղաքապետարանը։
Էներգաարդյունավետության միջոցառումներն ընդհանուր վերանորոգման աշխատանքների անբաժանելի մաս են կազմում։ Հետևաբար, նեղ մասնագիտական գիտելիքներ չունեցող մարդիկ պարտադիր չէ, որ կարողանան տարբերել էներգաարդյունավետության միջոցառումներն ընդհանուր վերանորոգման աշխատանքներից: Սրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ վերանորոգման աշխատանքների որոշ տեխնիկական մանրամասներ ծանոթ չեն եղել այն անձանց, որոնց հետ զրուցել եք։
Շնորհակալություն որոշ շենքերում էներգաարդյունավետության պիտակների բացակայության խնդրի վրա մեր ուշադրությունը հրավիրելու համար։ Նշված շենքերի էներգետիկ անձնագրերը կազմվել և տրամադրվել են Երևանի քաղաքապետարանին: Այնուամենայնիվ, մենք կստուգենք Ծրագրի կողմից համաֆինանսավորված բոլոր շենքերը՝ ապահովելու համար, որ տեղադրվեն համապատասխան էներգաարդյունավետության պիտակները (էներգետիկ անձնագրերում առկա տեղեկությունն արտացոլող)՝ էներգաարդյունավետության միջոցառումների տեսանելիությունն ապահովելու նպատակով:
Ի վերջո, մենք, անշուշտ, տեղյակ ենք, որ «ծրագրի կողմից աջակցություն ստացող» ոչ բոլոր շենքերում են աշխատանքներն ավարտված, և ընդհանուր վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նմանօրինակ նախագծերի համար սովորական է, որ վերանորոգման տարբեր աշխատանքներ գտնվեն կատարման տարբեր փուլերում:
-Մեր այցելած մի քանի դպրոցներ նույնպես դեռևս կառուցվում են, և տնօրենները տեղյակ չեն՝ ինչ միջոցառումներ են եղել կամ լինելու։ Օրինակ՝ Հերացու դպրոցը, Հովտաշատի դպրոցը և այլն:
-Անշուշտ տեղյակ ենք, որ Ձեր կողմից նշված դպրոցներում ընդհանուր վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ինչ վերաբերում է դպրոցների տնօրենների (այդ թվում՝ Մ.Հերացու անվան և Հովտաշատ գյուղի դպրոցների)՝ էներգաարդյունավետության միջոցառումների վերաբերյալ իրազեկվածությանը, խնդրում ենք հաշվի առնել, որ էներգաարդյունավետության բոլոր միջոցառումներն ընդհանուր վերանորոգման աշխատանքների բաղկացուցիչ մաս են կազմում: Հետևաբար, դպրոցի վարչական անձնակազմը, չտիրապետելով նեղ մասնագիտական գիտելիքների, կարող էր չտարբերակել էներգաարդյունավետության միջոցառումներն ընդհանուր վերանորոգման աշխատանքներից:
-Ծրագիրը փաստացի ավարտվել է 2023-ին, բայց մի շարք շենք-շինություններ դեռևս էներգաարդյունավետ չեն դարձել։ Խնդրում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է մեզ նման ցանկ տրամադրվել, եթե այդ հասցենում որևէ միջոցառում չի իրականացվել։
Ի սկզբանե նախատեսված էր, որ Ծրագիրը կավարտվի 2023 թվականի հունիսին: Այդուհանդերձ, ներկայումս Ծրագիրը պաշտոնապես երկարացվել է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ծրագրի կողմից համաֆինանսավորվող և ներկայումս ընթացող վերանորոգման բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նշված ամսաթիվը:
-Արդյոք ծրագիրը երկարացվել է, գումարներն ամբողջությամբ ծախսվե՞լ են, թե՞ այլ բան է նախատեսվել։
-Այո, Ծրագիրը երկարացվել է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Առկա դրամական միջոցները կհատկացվեն/կծախսվեն մինչև նշված ժամկետի ավարտը:
-Ինչպե՞ս եք գնահատում ծրագրի ընթացքն ու արդյունքներն ընդհանրապես՝ որպես ծրագրի համակարգող։
ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանը: Ծրագիրն իր էությամբ նորարարական է, քանի որ այն արդիականացման ֆինանսական բեռն ամբողջությամբ կրելու փոխարեն ազգային գործընկերներին տրամադրում է ֆինանսական խթաններ՝ նպաստելով էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման մասով գործընկերների կողմից առավել պատասխանատվության ձևավորմանը։
Ավելին, ինչպես արդեն նշեցի, մենք սերտորեն համագործակցում ենք պետական և տեղական իշխանությունների հետ՝ էներգաարդյունավետության վերաբերյալ գիտելիքները փոխանցելու և միջազգային լավագույն փորձը Հայաստան բերելու համար:
Ընդհանուր առմամբ, Ծրագիրն ընթանում է հաջողությամբ՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ արձանագրելով հետևյալ արդյունքները.
- նպաստել է արտանետումների կրճատմանը տարեկան մոտ 21,000 tCO2 (տոննա ածխաթթու գազ) չափով կամ 20 տարվա կտրվածքով՝ մոտ 420,000 tCO2,
- համաֆինանսավորել է 152 բազմաբնակարան և 52 հասարակական շենքի (ներառյալ 45 մանկապարտեզ և դպրոց) էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքները,
- շահառուների թիվը հասել է ավելի քան 40,000-ի, որի 50%-ից ավելին կանայք և աղջիկներ են:
Այս ցուցանիշներին հասել ենք տարբեր նախարարությունների, պետական գերատեսչությունների, համայնքների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում:
Մեկնաբանել