HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Ղազախստան. վիճակագրությունը մերոնց օգտին է

Այսօր՝ 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին մեր թիմն արտագնա ընկերական մրցավեճում 1-2 հաշվով պարտվեց Սլովենիային:

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հակամարտությունը բավական երկար պատմություն ունի:

Թիմերի միջեւ առաջին հանդիպումը կայացել է 2004-ի փետրվարի 19-ին, երբ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Պաֆոսում գրանցվեց 3-3, սակայն քանի որ թիմերից մեկը պիտի հաջորդ փուլ դուրս գար, նշանակվեց 11-մ հարվածաշար, որտեղ 3-2 հաշվով հաղթեցին ղազախները: Ընդ որում՝ դա միակ դեպքն է, որ մեր թիմը նման հարվածաշարի է մասնակցել: Այդ խաղում աչքի ընկան Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները:

Հաջորդ երկու հանդիպումները պաշտոնական էին: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում՝ 2007-ի հունիսի 2-ին, Ալմաթիում մերոնք 2-1 հաշվով հաղթեցին դաշտի տերերին: Աչքի ընկան Ռոբերտ Արզումանյանն ու Սարգիս Հովսեփյանը: 2007 թ. նոյեմբերի 21-ին՝ երեւանյան պատասխան խաղում, ղազախներն անակնկալ հաղթեցին 1-0 հաշվով:

2008-ի մարտի 26-ին հոլանդական Պերնիսում կայացած ընկերական խաղում Էդգար Մանուչարյանի միակ գոլը հաղթանակ պարգեւեց մեր թիմին: Մեկ այլ ընկերական մրցավեճ տեղի ունեցավ Երեւանում 2012-ի հունիսի 5-ին: Հայաստանի ընտրանին 3-0 հաշվով առավելության հասավ, դուբլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը:

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ 2017-ի մարտի 26-ին, Երեւանում մեր թիմը ղազախներին հաղթեց 2-0 հաշվով: Աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիզը: 2017-ի հոկտեմբերի 8-ին կայացած պատասխան խաղում գրանցվեց 1-1: Մերոնցից աչքի ընկավ Մխիթարյանը:

Այսպիսով՝ Հայաստանն ու Ղազախստանը ընկերական եւ պաշտոնական 7 հանդիպում են անցկացրել, մեր ընտրանին հաղթել է 4 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, մի անգամ էլ հաղթել են միջինասիացիները: Խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը 11-6 է՝ հօգուտ մերոնց:

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն զբաղեցնում է 95-րդ տեղը, իսկ Ղազախստանը՝ 103-րդ:

Հայաստան-Ղազախստան հանդիպման մրցավար է նշանակվել վրացի Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին եւ Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter