
Մի շարք կազմակերպություններ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից տեսահսկման համակարգով ապահովելու պարտականություն կունենան
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում «Ոստիկանության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Ըստ նախարարի տեղակալի` առաջարկվում է նաեւ շտապօգնության մեքենաների եւ ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեւորասրահները եւս տեսահսկման համակարգերով ապահովվել:
Նախատեսվում է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն: Դա հնարավորություն կտա նախականխող ընթացքներ իրականացնել:
Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են անձանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիների անձնական տվյալների պահպանությանը, անձնական տվյալների պաշտպանության գործակալության եզրակացությանը:
ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում շարունակել քննարկումները` հասկանալու համար` ներդրված երաշխիքները բավարա՞ր են, թե` ոչ, եւ թե ինչ գործիքակազմ է անհրաժեշտ ավելացնել:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հարակից զեկույցում առաջարկել է օրենսդրական փաթեթին կողմ քվեարկել:
Հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:
Մեկնաբանել