
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն առաջարկում է սիրիահայ մասնագետներին աշխատանքի կանչել
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է վտանգվել շուրջ 60.000-անոց սիրիահայ համայնքը:
Հաշվի առնելով, որ սիրիահայ համայնքում առկա են բարձր տեխնոլոգիաների (ԲՏ), տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագետներ և ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարավոր է ցանկություն հայտնեն աշխատել պատմական հայրենիքում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկել հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ և 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին և աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում:
Նույն խնդրով միությունը դիմել է նաև ՀՀ սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:
ՏՀՏ և ԲՏ սիրիահայ մասնագետները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:
ԻՏՁՄ
Մեկնաբանել