
Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները
ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի փոխարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները: ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում տնտեսության տարբեր ճյուղերում առկա իրավիճակի և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Համանախագահները հատուկ ուշադրություն են դարձրել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգի հիմնական հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, որոնք ընդգրկված են ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության օրակարգում:
Թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ռուսական կողմը չի մանրամասնել։
Լուսանկարը՝ Azertac-ի
Մեկնաբանել