Ոստիկանությունը չի ապահովում վկաների մասնակցությունը
Հուլիսի 17-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեգ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը:
Սպասվում էր, որ այս անգամ պետք է հարցաքննվեին գործով առնվազն 5 վկա, սակայն դատարան էին ներկայացել վկաներից միայն երկուսը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը վկաներին բերման ենթարկելու որոշում կայացրեց, ինչը ենթադրում էր, որ ստիկանության աշխատակիցները պետք է նախ վկաներին տեղյակ պահեին, որ դատական նիստ է լինելու, ապա նաեւ ապահովեին նրանց ներկայությունը դատական նիստին:
Սակայն ոստիկանությունն, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ վկաների ներկայությունը չէր ապահովվել:
Նիստին ներկա երկու վկաները «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության անվտանգության նախկին աշխատակիցներ Դավիթ Սարգսյանն ու Նվեր Խաչատրյանն էին:
Դավիթ Սարգսյանն իր ցուցմունքում նշեց, որ իր աշխատանքային 15 օրերի ընթացքում չի իմացել, որ ընկերության տարածքում առկա է մանրածախ խանութ, նա ասաց նաեւ, որ ինքը խանութից գնումներ չի կատարել:
Դատական նիստին ներկա մյուս վկան` Նվեր Խաչատրյանը, ուշադիր զննելով ամբաստանյալներին` Նարեգին, Ա.Մ.-ին եւ Արթուր Գալստյանին, հայտարարեց, որ նրանց չի ճանաչում, մեկ-երկու անգամ միայն տեսել է Ա. Գալստյանին:
Հիշեցնենք, սակայն, որ վկայի աշխատելու ժամանակահատվածում ընկերության տնօրենը Նարեգ Հարթունյանն էր, փոխտնօրենը` Ա.Մ-ը, իսկ Արթուր Գալստյանը գլխավոր հաշվապահն էր: Վերջիններս ամեն օր կանոնավոր կերպով հաճախել են աշխատանքի:
Հարցերին, թե վկան հիշում է արդյոք` երբ է աշխատել ընկերությունում եւ որքան է վաստակել, Ն. Խարատրյանն ասաց, որ չի հիշում:
«Հիշողության հետ խնդիրնե՞ր ունեք»,- դատախազ Բագրատ Պետրոսյանի հարցին ի պատասխան վկան ասաց` այո:
«Իսկ ո՞վ է Ձեզ աշխատանքի ընդունել, ինչպե՞ս եք իմացել, որ թափուր աշխատանք կա»,- հարցրեց դատավորը:
«Վարորդներից եմ հարցրել, ասել են` արի, աշխատի…»:
Հարցին, թե տեսել է երբեւէ, որ ընկերության տարածքում մանրածախ խանութ լինի, վկան ասաց, որ ինքը չի տեսել:
«Ընկերությունում եղել են արդյոք այլ դարպասներ՝ բացի հիմնական մուտքի դարպասները» հարցին վկան պատասխանեց` այո:
Քանի որ հիմնական հարցերը բխում էին ընկերության տարածքի հետ կապված մանրամասներից, նիստը վարող դատավոր Ազարյանը որոշեց ընկերության տարածքի տեղատեսություն իրականացնել:
Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս արձանագրվեց նիստի ընթացքում: Պարզվում է` այս ամիսների (քրեական գործ հարուցելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի) ընթացքում դատախազը երբեւէ չի այցելել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ` անձամբ տեսնելու տարածքը, որի մասին հարցեր է տալիս:
Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստից (հուլիսի 23՝ ժ. 10:30) առաջ տեղանքի զննում իրականացնել, որից հետո կշարունակվի դատական նիստը:
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանել