
Բաքվում կարծում են, թե Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջելու իրավունք ունեն
Բաքուն իրավունք ունի պահանջել Հայաստանի Սահմանադրությունից հանել այն դրույթը, որն անմիջականորեն առնչվում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվի պահանջը հանդիսանում է ՀՀ ներքին գործերին միջամտության փորձ։
«Այսօր գլխավոր խնդիրն իսկապես Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական ու քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին նրա Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է կատարում անկախության հռչակագրին, որտեղ կոչ է արվում «միավորել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»: Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել, որ ՀՀ Սահմանադրությունից բացառվի այդ դրույթը, որն անմիջականորեն առնչվում է իր ազգային անվտանգությանը, և դա չի կարող որակվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ինչպես կարծում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, Հայաստանի ԱԳՆ տրամաբանությունն այն է, որ այդ խնդրի անտեսումը, իբր, ցույց է տալիս, որ Երևանը «շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ ու ձգտում է միայն պահպանել ընթացիկ դրությունը՝ որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիայի վերսկսման համար»:
«Հայաստանը ոչ մի բարոյական հիմք չունի կասկածելու խաղաղության գործընթացում Ադրբեջանի անկեղծությանը՝ հաշվի առնելով, որ այն նախաձեռնել է հենց Բաքուն»,- պնդում է ադրբեջանցի այս պաշտոնյան։ Հաջիզադեի խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման և պահպանման հիման վրա»։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է, քանի դեռ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն արվել։
Ի պատասխան Ալիևի այս հայտարարությանը, ՀՀ ԱԳՆ-ից նշել էին, որ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից։
«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը»,- ասված էր հայկական կողմի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել