
Amazon-ի նախկին աշխատակիցը ընկերությանը մեղադրում է Ռուսաստանին դեմքերի ճանաչման տեխնոլոգիա փոխանցելու մեջ
Amazon-ի նախկին աշխատակիցն ընկերությանը մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները խախտելու մեջ։ Չարլզ Ֆորեսթը դատական հայց է ներկայացրել իր նախկին գործատուի՝ Amazon Web Services-ի դեմ՝ փորձելով վիճարկել իր պաշտոնանկությունը:
Ֆորեսթի վարկածով՝ նրան անարդարացիորեն հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ ինքը մտահոգություն է հայտնել Amazon-ի կողմից ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Դրանց թվում են «Amazon Rekognition-ի դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի ապօրինի մատակարարումները ռուսական ծառայություններին»՝ 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից ու դրանից հետո Մեծ Բրիտանիայի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։
Հայցվորը պնդում է, որ Amazon-ը 2020 թվականին գործարք է կնքել ռուսական VisionLabs ընկերության հետ, որը ենթադրում է վերջինիս դեմքերի ճանաչման տեխնոլոգիային հասանելիության տրամադրումը «ամենայն հավանականությամբ Նիդեռլանդներում տեղակայված կեղծ ընկերության միջոցով»։ Amazon-ի նախկին աշխատակիցն ընդգծում է, որ այս տեխնոլոգիան օգտագործվել է ուկրաինական ներխուժումից հետո:
Ֆորեսթի խոսքով՝ 2023 թվականի մայիսին նա ենթադրյալ անօրինական գործունեության մասին նաև հայտնել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պաշտպանության հարցերով հատուկ կոմիտեին և Լուրջ խարդախությունների դեմ պայքարի բրիտանական գրասենյակին։
Amazon-ն իր հերթին հերքում է նախկին աշխատակցի առաջադրած մեղադրանքները։ Ընկերությունը պնդում է, որ Ֆորեսթը, որը մինչև 2023 թվականն աշխատել է Amazon-ում, աշխատանքից հեռացվել է «պայմանագրին հակասող արարքի» համար այն բանից հետո, երբ «հրաժարվել է աշխատել իր պայմանագրային ժամերի դիմաց և չի մասնակցել մի շարք հանդիպումների, ինչպես նաև չի պատասխանել էլեկտրոնային որոշ նամակների»։
Լուսանկարը՝ Amazon Rekognition-ի կայք էջից
Մեկնաբանել