
Վլադիմիր Զելենսկին հունիսի է 11-ին ելույթ կունենա Բունդեսթագում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 11-ին կժամանի Բեռլին և առաջին անգամ անձամբ ելույթ կունենա Բունդեսթագի հատուկ նիստում: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նրա այցը Գերմանիա նվիրված է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը կազմակերպվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ: Գերմանական dpa գործակալությունն էլ նշում է, որ Զելենսկին ելույթ կունենա նաև հունիսի 11-ին՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ համաժողովի բացմանը։
Վլադիմիր Զելենսկիին Բունդեսթագ հրավիրելու առաջարկը արել է «Միություն-90»/«Կանաչներ» կուսակցության պատգամավոր, գերմանա-ուկրաինական խորհրդարանական խմբի նախագահ Ռոբին Վագեները, որը հանդես է գալիս Կիևին ռազմական օգնության ավելացման օգտին։
Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ներխուժումից մի քանի շաբաթ անց Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ էր ունեցել Բունդեսթագի պատգամավորների և Գերմանիայի կառավարության առջև: Նրա խոսքն ավարտվեց կոչով. «Աջակցե՛ք մեզ։ Աջակցե՛ք խաղաղությանը: Աջակցե՛ք յուրաքանչյուր ուկրաինացու: Դադարեցրեք պատերազմը»,- հիշեցրել է dpa-ն։
Հունիսի 11-ի իր ելույթում Զելենսկին ենթադրաբար կներկայացնի խաղաղության գագաթնաժողովից իր ակնկալիքները, որը նվիրված կլինի Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորմանը: Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայանալիք գագաթաժողովին մասնակցությունը հաստատել է ավելի քան 100 պետություն։ Ռուսաստանը չի հրավիրվել:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Հայաստանը կմասնակցի այս գագաթնաժողովին, թե՝ ոչ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել