HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում 5-7 տարիների ընթացքում կստեղծվեն 5000 հա քիշմիշային խաղողի այգիներ

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» (ՀԲԱԿ) ՓԲԸ Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանի Հանրապետությունում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել որպես բարձրարժեք սեղանի խաղող և հումք ծառայել բարձրորակ չամիչի և գինու արտադրության համար:

Հողային և հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման համար մաքրասորտ այգիներից գարնանը մթերվել են 400 հազարից ավելի խաղողի մաքրասորտ քիշմիշային տեսակների կտրոններ: Պետական ագրարային համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի փորձարարական տնտեսությունում և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքում հիմնվել են շուրջ 3,1 հա տնկարաններ: “In vitro” եղանակով տնկանյութի ստացման աշխատանքներ են իրականացվում Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաև խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն և գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական ագրարային համալսարանը, Երևանի պետական համալսարանը և «Տեռաս դե Արմենիա» ընկերությունը:                                                              

Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվի 200-250 հազար բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: Ստացված արմատակալներով այս աշնանը և հաջորդ տարվա գարնանը կհիմնվեն 80-100 հա այգիներ, այդ թվում`10 հա մայրուտային այգի: 

«ՀԲԱԿ-ը բանակցություններ է վարում հողատերերի և այգեգործների հետ` մաքրասորտ արմատակալներով  ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմամբ  խաղողի այգիների ստեղծման համար: Մենք կսատարենք ներդրողներին ծրագրի շրջանակներում այգիների հիմնման, պատրաստի արտադրանքի շուկայահանման և այլ աջակցություն ստանալու գործում: Խաղողի քիշմիշային տեսակների արտադրական ծավալների ավելացմանը զուգընթաց` կներդրվեն իրացման և արտահանման երաշխավորված մեխանիզմներ»,- ասաց ընկերության ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը:                     

Նա նշեց, որ ծրագիրը  նախատեսում է վերականգնել և զարգացնել մայրուտից մինչև նոր այգու հիմնադրման տեխնոլոգիական ամբողջ շղթան, տարեցտարի ընդլայնել խաղողի քիշմիշային այգիները և դրանց տարածքը հասցնել 5 հազար հա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter