ԵՀ-ն խորհուրդ է տալիս հունիսից ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ
Ուկրաինան և Մոլդովան կատարել են ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու բոլոր պայմանները։ Այդ մասին հայտարարել են Եվրոպական հանձնաժողովում: Եվրոպական այս կառույցում նշել են, որ այդ պետությունների հետ բանակցությունների մեկնարկի կետն ընդգրկվել է ԵՄ երկրների դեսպանների հանդիպման օրակարգում: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն էլ հաստատել է, որ Կիևն ակնկալում է, որ բանակցությունները կսկսվեն արդեն հունիսին:
Այս նորության մասին ավելի վաղ գրել էր Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է հայտարարել, որ Ուկրաինան արդեն համապատասխանում է հակակոռուպցիոն միջոցառումներին, քաղաքական լոբբինգի սահմանափակումներին, պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման կանոններին և ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանությանը վերաբերող չափանիշներին: Ինչպես կանխատեսում էր պարբերականը, այդ հայտարարությունը եղավ։
Ինչպես գրում էր FT-ն, Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է այդ կերպ առաջին հերթին իր աջակցությունը հայտնել Ուկրաինային և շտապում է առաջարկություններ հնչեցնել ու բանակցություններ սկսել Կիևի հետ մինչև հուլիսի 1-ը, երբ ԵՄ-ում նախագահությունը կանցնի Հունգարիային:
Հունգարիան, ինչպես սպասվում է, դեմ կլինի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն, մասնավորապես, վկայակոչելով հունգարական փոքրամասնության իրավունքների պահպանման իրավիճակը:
Եվրոպական հանձնաժողովը նաև խորհուրդ է տալիս ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Մոլդովայի, բայց ոչ Վրաստանի հետ, որտեղ վերջերս ընդունվել է «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը:
Բանակցությունների առաջին փուլը Բելգիան, որն այս պահին նախագահում է ԵՄ-ում, ցանկանում է անցկացնել արդեն հունիսի 25-ին։
FT-ն նշում է, որ Ուկրաինան, որը ռուսական զորքերի ներխուժումից հետո հայտարարել էր ԵՄ անդամակցության մտադրության մասին, շատ արագ է անցնում դրա համար անհրաժեշտ փուլերը, ի տարբերություն, օրինակ, Բալկանյան որոշ երկրների, որոնցից տարիներ են պահանջվել դրա համար։
Լուսանկարը՝ Եվրոպական հանձնաժողովի կայք էջից
Մեկնաբանել