HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խոշոր կանխիկ գումար, մեկ տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. ՊԵԿ պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը

Բաբկեն Կարախանյանը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում է 2023թ. հունվարից: Մինչ այդ աշխատել է նույն բաժնի Շիրակի տարածաշրջանային բաժնի, իսկ դրանից առաջ՝ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի տարածաշրջանային պետ: Բաբկեն Կարախանյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Ըստ այդ հայտարարագրի՝ Բ. Կարախանյանի ընտանիքը խոշոր ունեցվածք ունի:

2023թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բ. Կարախանյանի եկամուտը մոտ 6 մլն դրամ է, որը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է: Սակայն, ունի 13 մլն դրամ կանխիկ գումար:

Պաշտոնյան հայտարարագրել է 16 միավոր անշարժ գույք՝ 12 միավոր հողամաս, 3 առանձնատուն և մեկ ավտոտնակ: Նշված գույքից 5-ը բաժնային սեփականություն է, մնացածը՝ միանձնյա կամ համատեղ: Բաժնային սեփականությամբ գույքը պաշտոնյան ժառանգություն է ստացել ծնողից:

Հայտարարագրի համաձայն՝ Բաբկեն Կարախանյանը 16 միավոր անշարժ գույքի սեփականատեր է դարձել 2019-2023թթ. ընթացքում: 

Նա հայտարարագրել է նաև 2016թ. արտադրության «TOYOTA» մակնիշի ավտոմեքենա, որը 2023թ. գնել է 4 մլն դրամով:

Բաբկեն Կարախանյանի կնոջ՝ Օֆելյա Սուլթանյանի եկամուտներն ավելի շատ են: 2023թ. ունեցել է մոտ 28,5 մլն դրամ եկամուտ, որից մոտ 27 մլն դրամը ստացել է «Արբա» ՍՊԸ-ից, որպես շահաբաժին, իսկ մնացածը՝ դպրոցներից՝ աշխատավարձ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետի կինը հայտարարագրել է 70 մլն դրամ կանխիկ գումար:

«Արբա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2013թ. փետրվարին՝ գյումրեցի Կարինե Սուքիասյանի կողմից: Սակայն մեկ ամիս անց ընկերության սեփականատեր է դարձել Օֆելյա Սուլթանյանը: Ընկերությունն  ավտոմեքենաների գազալցմամբ է զբաղվում:

2023թ. սեպտեմբերին Օֆելյա Սուլթանյանը ձեռք է բերել նաև ավտոմեքենաների գազի լիցքավորման գործունեություն իրականացնող մեկ այլ՝ «ՌԿ» ՍՊԸ-ի 85% սեփականությունը: Ընկերության մնացած 15%-ը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին:

Օֆելյա Սուլթանյանը 2023թ. մոտ 15 մլն դրամով վաճառել է 2021թ. արտադրության «TOYOTA» մակնիշի ավտոմեքենան և նույն տարվա ընթացքում գնել նույն մակնիշի 2022թ. արտադրության ավտոմեքենա՝ 40 մլն դրամ արժեքով:

Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա Օ. Սուլթանյանը հայտարարագրել է 14 միավոր գույք, որից 8-ը՝ հողատարածք, որից 2-ը համատեղ սեփականության իրավունքով պատկանող առանձնատուն, 3 բնակարան և մեկ հասարարական նշանակության շինություն: Նշված ամբողջ գույքը 2019-2023թթ. ընթացքում է գնվել:

Բաբկեն Կարախանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հայտարարագրել է իր ողջ գույքը և թաքցնելու ոչինչ չունի: Ինչ վերաբերում է իր ու կնոջ ձեռք բերված ունեցվածքին, ապա ըստ Բ. Կարախանյանի, դրանց հասել է այն տարիներին, երբ պետական պաշտոնյա չէր:

«Երկար տարիներ զբաղվել եմ գյուղատնտեսությամբ, հողեր ենք մշակել, զբաղվել եմ բիզնեսով: Բացի այդ, հորիցս եմ ժառանգություն ստացել: Ինչ վերաբերում է բիզնեսին, հիմա կինս է դրանով զբաղվում, հանձնված է հավատարմագրային կառավարման: Ամեն ինչ օրինական է»,- ասում է Բաբկեն Կարախանյանը:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter