HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարմրաքար. գյուղ Շիրակի մարզում, որ հավակնում է վերածվելու թանգարանի բաց երկնքի տակ

1913թ. դեկտեմբերի 18-ին ճարտարապետ Թ. Թորամանյանը Ալեքսանդրապոլից պրոֆեսոր Մառին հասցեագրված նամակում գրում է. «Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղու գծին հյուսիսային կողմը` քաղաքեն 10-12 կիլոմետր հեռավորության վրա, կա Դարբանդ անունով մի գյուղ. լսելով, որ այնտեղ հնություններ կան` գնացի տեսնելու: Կանգուն կամ կիսականգուն շինություններ չկան այնտեղ. շատ կան հեթանոսական գերեզմաններ: Ես գնացի հայոց գերեզմանատունը, որ հնումն ալ գերեզմանատուն է եղած: Այդ գերեզմանատան մեջ գտա քանի մը հատ հին գերեզմանաքարեր, Հառիճի կոթողին նման, միայն թե չափազանց մաշված, տեղետեղ փոխադրված, որոնց վրա թե մարդոց և թե ուրիշ զանազան քանդակներ կան: Մինչև այժմ իմ տեսածս այս ձևի քարերը քանդակված էին միշտ քրիստոնեական խորհրդանշաններով և սրբոց պատկերներով: Դարբանդի քարերը քրիստոնեական խորհրդանշաններ չկրելեն զատ, ավելի մոտ նմանություններ ցույց կուտան կարծեք հեթանոսական քանդակներու: Դարբանդի մարդու քանդակը թերևս անասունի կամ գազանի գլուխ ունի»: (Թորամանյան Թ., Նյութեր Հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան, 1948թ.)

Կարմրաքարը Շիրակի հնագույն բնակավայրերից է, գտնվում է Ախուրյանի տարածաշրջանում, ինչպես նշում է Ղևոնդ Ալիշանը, «ի կիրճս լերանց է», որով էլ պայմանավորված` հին անունն է «Տէրպէնտ»: Տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև Դարբանդ, Դերբենդ, Դարաբանդ անվանումներով, որն ունի պարսկական ծագում և նշանակում է «ժայռերի մեջ»: Պատմական աղբյուրներում «Դարբանդ» բնակավայրի մասին տեղեկությունները սակավ են: Գյուղը Կարմրաքար վերանվանվել է 1946թ․-ի ապրիլի 26-ին, սակայն տեղաբնակները, հատկապես մեծահասակ բնակիչները մինչ այսօր շարունակում են խոսակցականում հիշատակել գյուղի հին անունը:

«Դարբանդը կամ մերօրյա Կարմրաքարը եզակի բնակավայրերից է, որտեղ մարդկային հետքը չի ընդհատվել։ Այստեղ միշտ եղել են բնակիչներ և բացառապես հայեր, տարբեր աղբյուրներ դա են վկայում,- ասում է ծնունդով կարմրաքարցի, 62-ամյա մեղվաբույծ Գագիկ Վահրադյանը,- սա պարծենալու չէ. փաստացի ապացուցված է պատմաբանների, հնագետների կողմից, որ գոյություն ենք ունեցել շատ վաղուց, քանի որ մ.թ.ա 3-րդ հազարամյակի դամբարանադաշտեր են այստեղ հայտնաբերվել 1986-90թթ.-ին: Բնակչությունը Կարմրաքարում երբեք չի վերացել՝ պակասել է, շատացել է, էլի պակասել է, հիմա էլ թվում է, թե կրիտիկական թվի ենք հասել, բայց մեկ է՝ ապրող կա, գյուղը կա»:

Կարմրաքարը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Գյուղի հարավային կողմում գտնվել է մ.թ.ա. III-I հազարամյակի բնակատեղի և մ.թ.ա. III հազ.- մ.թ. IV դ. դամբարանադաշտ: Գյուղի հարավային եզրին պահպանվել են V-VI դդ. հին և XIX դ. եկեղեցիներ: Իսկ գյուղատեղիի հյուսիսային եզրին գտնվող գերեզմանոցում պահպանվել են նաև XVII-XVIII դդ. ձկնաձև տապանաքարեր: Շիրակի երկրագիտական թանգարանի հնագիտական խումբը՝ ղեկավարությամբ Համազասպ Խաչատրյանի և Լարիսա Եգանյանի, Կարմրաքարում պեղումներ են իրականացրել 2005 թ.-ին: Հնագիտական հետախուզությունների արդյունքում հայտնաբերվել է նոր հնավայր: Այն գտնվում է գյուղը արևելյան կողմից եզերող գետակի հակադիր, բարձրադիր ափին, որն ընդգրկում է մոտ 10 հեկտար հարթ մակերեսով տարածք: 

Պեղումների ժամանակ բացվել են կիսավեր դամբարաններ, իսկ փլուզված ու փոսերի մեջ լցված հողի միջից հայտնաբերվել են վաղ բրոնզի և երկաթի ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղենի բեկորներ և այլ նյութեր, որոնք համապատասխանում են մ.թ.ա. VIII-VII դդ.: Կիսավեր դամբարանը հյուսիս-հարավ կողմնորոշմամբ ուղղանկյուն խուց է (երկ.` 240սմ, լայն.` 160սմ, խոր.` մոտ 150սմ), իսկ որպես ծածկասալ ծառայել են իրար զուգահեռ դրված երկու սալերը: Բացի մեծահասակի ոսկորներից, հայտնաբերվել են նաև երեխայի մի քանի կաթնատամներ: Հավանաբար, թաղման խցում եղել է երկու կմախք: Դամբարանից գտնված հիմնական նյութը խեցեղենն է, կան նաև աշխատանքային գործիքներ և արդուզարդի պարագաներ: Կառուցվածքն ու հայտնաբերված նյութերը թույլ են տալիս Կարմրաքարի դամբարանն ու դամբարանադաշտը դասել Հայկական լեռնաշխարհի` մ.թ.ա. VIII-VII դդ. հուշարձանների շարքին: Գյուղի մոտակայքում պահպանվել է հսկայական անտաշ քարերով շինված ուրարտական ամրոցի մի պատ: (Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գիտական աշխատություններ, hոդված Համազասպ Խաչատրյանի և Լարիսա Եգանյանի, Գյումրի, 2005թ.):

Կարմրաքարը մարզկենտրոն Գյումրիից հեռու է 8 կմ: Գտնվում է ծովի մակերևույթից 1664-1800 մ բարձրության վրա, կլիման՝ բարեխառն լեռնային: «Մեր գյուղը գտնվում է 2 հրվանդանների վրա՝ միշտ օդի շարժում կա, որ ուսումնասիրված է դեռևս խորհրդային տարիներին, մասնագետները պարզել են, որ տարածքում թթվածնի քանակը փոփոխվում է 12 անգամ, ավելի փոփոխվողը Դիլիջանում է՝ 16 անգամ: Այս ամենը հաշվի առելով, 1975թ.-ին գյուղում սկսել էին առողջարանի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվեցին մինչև երկրաշարժը, բայց շենքը նպատակին չծառայեց,-պատմում է Գագիկ Վահրադյանը,-աղետից հետո այդտեղ անօթևան ընտանիքներ հաստատվեցին ու մինչև օրս էլ ապրում են: Ճիշտ է, Կարմրաքարը առողջարան չունեցավ, որ նախատեսված էր թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց համար, բայց տարածքի առողջարար հատկությունները դրանով չկորսվեցին: Ես կարող եմ վստահաբար հայտարարել, որ մեզ մոտ թոքի հիվանդությամբ մարդ չկա ու չի էլ լինի՝ էս օդը շնչողը չի հիվանդանա»:

Որպես ապացույցն ասածների, Գագիկը մատնացույց է անում դրսում խաղացող կարմրաթուշ փոքրիկներին: Տղաները սկզբում հեռվից ուսումնասիրում են եկվորներիս՝ խուսափելով տեսախցիկից, իսկ որոշ ժամանակ անց սիրով դիրքեր ընդունում նկարահանման համար: 

Կարմրաքարում զբաղվում են անասնապահությամբ, որոշ չափով հողագործությամբ և մեղվաբուծությամբ: Գյուղում երեկոյան հատուկենտ տներում է լույս վառվում: Այստեղ «չկա»-ների թիվը գերազանցում է «առկա»-ներին: Թե՛ խորհրդային տարիներն, թե՛ անկախացումից հետո գյուղի երեխաները միջնակարգ կրթությունը ստացել են հարևան Հացիկ գյուղում: Այս երկու բնակավայրերը սահմանակից են, և շատ ժամանակ բարձր դասարանցիները 2 կմ ճանապարհը ոտքով են անցել: Ներկայում մանկապարտեզի և դպրոցի բացակայության հարցն ընտանիքներն այլ կերպ են լուծում՝ պարզապես լքում են բնակավայրը: Կարմրաքարում մնում են ապրելու նվիրյալները:

Կարմրաքարցի երիտասարդների՝ Սանդրոյի և Արմենի հետ ծանոթացել էի մեկ տարի առաջ: Ես նրանց կատակով կոչում եմ՝ «Անդրո և Սանդրո», ինչպես Գեորգի Խուգաևի հայտնի պիեսում: Տղաները չեն նեղանում, բայց շեշտում են, որ ի տարբերություն մշտապես կռիվ փնտրող հարևանների, իրենք շատ հաշտ են: Երկուսն էլ ամուրի են՝ 28 տարեկան, վստահեցնում են, որ ամուսնության համար պարզապես ժամանակ չունեն: Ընտրյալներից չեն խոսում: Հարցնում եմ` գուցե պատճառն այն է, որ «գլոբուսից դուրս են ապրում», և աղջիկները չե՞ն համաձայնում «անինտերնետ» գյուղ հարս գալ:

«Չէ, չէ, ըդպես բան չկա,- ձեռքն է թափ տալիս Արմենը, հետո մի լայն կիսաշրջան անելով՝ կարծես ցանկանալով ընդգրկել գյուղն ամբողջությամբ, հարցնում,- հլը նայեք, մեր գյուղից սիրուն գյուղ կա՞: Հետո էլ, աղջիկը, որ սիրեց, շատ լավ էլ կգա: Հա, գյուղը փոքր է, ճանապարը ասֆալտապատ չէ, գազ չկա, խանութ չկա ու էլի լիքը բաներ: Բայց մենք բացարձակ չենք նեղվում, որ, օրինակ, գյուղի տարածքում ինտերնետ կապ չկա: Ընդհակառակը, մեզ օգուտ է՝ հատկապես մեղվապահությամբ զբաղվողներիս, որ էդ անտենաներից գյուղի տարածքում չկա: Խանութ չկա, հա ի՞նչ անենք, Գյումրին քթերիս տակ է, մեծ առևտրի համար քաղաք ենք գնում, փոքր, հրատապ բաները Հացիկից էլ կարող ենք առնել: Ես ու Սանդրոն անընդհատ մտածում ենք, թե ինչ լավ բան կարող ենք անել գյուղի համար, ինչ ծրագիր բերենք, ինչ ուղղությամբ զարգացնենք: Մեր գյուղը ոնց որ բաց թանգարան լինի երկնքի տակ: Մտածում ենք տուրիզմը զարգացնել: Շատ ենք ուզում, որ եկեղեցին նորոգվի»:

Սանդրոյի և Գագիկի հետ շրջում ենք Կարմրաքարի տարածքում, որ ավելի շուտ մի մեծ պեղավայր է հիշեցնում, քան բնակավայր: Այցելում ենք երկրաշարժից վթարված 100-ամյա եկեղեցի: Ներսում մաքուր է և հավաք: Գագիկն ասում է, որ տարիներ շարունակ հույս են փայփայել, թե մի օր կվերականգնվի եկեղեցին, կհայտնվի մեծահարուստ մի բարերար, սակայն տարիներն անցնում են, ու ամեն պոկվող քարի հետ փայփայած հույսն էլ մի տեսակ նվազում է: 

«Համայնքների խոշորացումից հետո հույսս ընդհանրապես եմ կտրել, թե փոքր համայնքների վրա թիրախավորված գումար կծախսվի: Պատճառ են բռնելու, թե 7 ընտանիք է ապրում, ու գործ չեն անելու,- ուսերն է թոթվում Գագիկը,- 2017թ․-ին Կարմրաքարը միավորեցին Մարմաշեն համայնքում ևս 14 բնակավայրի հետ, 2021թ․-ին էլ ավելի խոշորացանք՝ հիմա Ախուրյան համայնքի կազմում ենք, որտեղ կա ևս 34 բնակավայր: Երբ հարց է լինում, թե ու՞ր ուղղեն գումարներն, ասենք ճանապարհների բարեկարգման առումով, կշեռքի վրա է դրվում նույնատիպ խնդիր ունեցող գյուղերի բնակչության թիվը, և փոքր բնակչություն ունեցող բնակավայրերը միշտ տուժում են, որովհետև որոշում են, որ նախ մեծի հարցերը լուծեն, թե բա էնտեղ գնացող-գալացողը շատ է: Բայց, իմ կարծիքով, պիտի հակառակը լինի՝ առաջնահերթ հենց փոքր գյուղերին պիտի տեր լինես, որ էդ մի քանի ապրողն էլ չհեռանան, մնան, շենացնեն, էնքան գրավիչ լինի, որ ուրիշներն էլ գան»:

Կարմրաքարը բնակչության առավելագույն թիվ ունեցել է 1939թ-ին՝ 364 հոգի, Վիքիպեդիայիում առկա վերջին տվյալները վերաբերում են 2012թ․-ին, այդ ժամանակ գյուղն ունեցել է 46 բնակիչ: Գագիկ Վահրադյանի փոխանցմամբ, որ երկար տարիներ եղել է Կարմրաքարի համայնքապետը, մինչև համայնքների խոշորացումը, կարողացել էին եղածին 22 ծուխ ավելացնել:

Կարմրաքարում ներկայում գրացված է 13 ընտանիք, բայց փաստացի ապրում է 7-ը: Գյուղը կանգուն է երազել չդադարող կարմրաքարցի երիտասարդների շնորհիվ: Նրանք վստահ են՝ մի օր Կարմրաքարի մասին խոսելու են բոլորը, անգամ քարտեզի վրա նրա տեղը չիմացողները:

Լուսանկարները` Ռոբերտ Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter