HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինարարություն գիշերային ժամերին․ նամակ ընթերցողից

«Հետքը» գիշերային ուշ ժամի ընթերցողից նամակ է ստացել, որն ուղղված է պետական մի քանի կառույցի ու պաշտոնատար անձանց։ Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի տիկնայք և պարոնայք, ես բնակվում եմ Տիգրան Պետրոսյան 95 հասցեում, եթե սա կարելի է ապրել անվանել։ Որովհետև բոլոր նորմալ մարդիկ այս ժամին քնած են, իսկ ես մտածում եմ էլ ում կարելի է գրել, որ որպես պատասխան չստանամ` սա մեր գործառույթը չէ, մենք ոչինչ չենք կարող անել։

Եթե տանը լինում է խնդիր, ու ընտանիքի անդամներից մեկը դրան լուծում չի կարող տալ, փորձում են միասին ելքը գտնել։ Նույն կերպ աշխատում են կազմակերպությունները հաճախորդի խնդիրների դեպքում։ Սակայն ես հասկացա, որ պետության դեպքում դա չի աշխատում։ Շատ հարմար է ասել, դա մեր գործը չէ։ Բազմաթիվ պետական կառույցներ տեղյակ են, որ քաղաքացիների համար ապրելու անհնարին պայմաններ են ստեղծվելու, բայց բացարձակ անտարբեր են այս խնդրի նկատմամբ։

Ու խեղճ քաղաքացի, գնա ու էլի բոլոր պետական մարմինների գործառույթների մասին կարդա, որ փորձես գլուխ հանել, թե ով պետք է զբաղվի քեզ անհանգստացնող հարցով։ Իսկ եթե ես օրինակ չունեմ կրթություն, միգուցե նույնիսկ կարդալ-գրել լավ չգիտեմ։ Ի՞նչ պետք է անեմ։

Մի անգամ նույնիսկ պատասխան եմ ստացել, իհարկե ոչ պաշտոնական՝ տիկին ջան, ոչինչ չեք կարող փոխել, անջատեք ձեր նյարդերը և ապրեք հանգիստ։

Ես հիմա փորձել եմ հավաքել բոլոր կառույցների էլհասցեները, ում հիշեցի, միգուցե այս անգամ մի բան ստացվի։

Քանի որ ունեմ բազում բողոքներ, կներեք եթե պատմությունը համակարգված չլինի։

Մեր շենքի անմիջական հարևանությամբ, որը ի դեպ 5 հարկանի է, կառուցվում են երեք բարձրահարկեր, եթե չեմ սխալվում 18-22 հարկանի։

Երկուշաբթի օրը մի թիմն էր մինչև գիշերվա 1:30 աշխատում, մյուս շենքի աշխատողներն այսօր մինչև 12-ը: Նկարները առկա են, եթե ինչ-որ մեկին հետաքրքում է, կարող եմ տրամադրել։ Ես խելամիտ չեմ համարում ամեն անգամ զանգել Ոստիկանության թեժ գիծ, էդ մարդիկ հաստատ ավելի կարևոր գործ ունեն, քան աղմուկի համար գալ, արձանագրություն կազմել։ Հնարավոր չի արդյոք մի անգամ իրենց զգուշացնել, որ հասկանան, որ թաղամասի մոտակայքում, ուր բազում փոքր երեխաներ կան, գոնե 11-ից հետո չի կարելի աղմկել։

Հիմա անցնեմ ավելի լուրջ հարցերի՝ երկու շենքերի հիմքը քանդելու համար, մեծ ապարներ էին կտրվում, որը բերում էր օրական 8 ժամ ստաբիլ ցնցումների (ժամը 9-18-ը ամեն օր, բացի կիրակի (ընդմիջում 13-14))։ Ցնցումներն այնքան ուժեղ էին, որ այդ ժամանակ սարսափելի էր կանգնել պատշգամբում, այնպիսի տպավորություն էր, որ կպոկվի։ Քանի որ այդ ընթացքում ոչ մեկ հանձն չառավ ստուգել, թե դա ինչպես է ազդում մեր շենքի սեյսմակայունության վրա, հնարավո՞ր է արդյոք գոնե հիմա հասկանալ, թե որքան է դարձել այն (շենքի կողքի ասֆալտը հեռացել է ու դեֆորմացվել, բնակարաններում կան ճաքեր, որոնք գնալով մեծանում են)։ Կա՞ կառույց, որն անց է կացնում անկախ փորձաքննություն։

Եթե կա, շատ կցանկանայի, որ ստուգվեր նաև լուսավորության, փոշու աղմուկի և նմանատիպ այլ նորմատիվների պահպանվածությունը։ Չի կարելի միայն շինթույլտվություն տալ ու քաշվել մի կողմ։ Ու խնդրում եմ չպատասխանել, որ շինթույտվություն ստանալը շատ բարդ է, քանի որ դրա համար մի քանի էտապ քնություններ են անցնում շինարարական ընկերությունները։ Ես աչքիս առաջ ունեմ Պուշկինի հյուրանոցային շենքը, որը փակել է դիմացի շենքի լուսավորությունը, սակայն շինթույլտվություն ստացել է։

Այլ մանր-մունր բաների մասին չեմ ուզում գրել, կարծում եմ այսքանը հերիք է։

Հուսամ՝ այս անգամ ինչ-որ ընթացք կստանա իմ նամակը։

Հարգանքով՝ Մարիաննա Միրոյան»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter