HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

412 մլն դրամ․ Մասիսում կառուցված պահածոների գործարանի պահանջը ՀԷՑ-ից օրեցօր ավելանում է

Մասիսում պահածոների նոր գործարան կառուցած «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից արդեն 412 մլն դրամի փոխհատուցում է պահանջում։

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ՀԷՑ-ը մինչ օրս չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, գործարանը էլեկտրական ցանցին չի միացրել, ինչի պատճառով իրենք մեծ վնասներ են կրում, որոնց չափն օր օրի աճում է։

Արդեն 1,5 տարի է՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Հովհաննես Ղազարյանի, քննում է այս գործը։ Իսկ ընկերության գումարային պահանջը գնալով մեծանում է՝ կրած վնասներին զուգահեռ։

Հիշեցնենք՝ 2021թ․ ռուսաստանաբնակ հայ գործարարների հիմնադրած «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն Մասիսում նոր գործարան էր կառուցել՝ ներդնելով 700 մլն դրամ: Գործարանը նախատեսվել է 500 տոննա ձկան և 4000-5000 տոննա միրգ-բանջարեղենի վերամշակման համար:

Գործարանը փաստացի պատրաստ է շահագործման, սակայն չի գործարկվում, քանի որ ՀԷՑ-ը սպառման համակարգն էլեկտրական ցանցին չի միացրել:

2022թ. փետրվարի 15-ին ընկերությունը ՀԷՑ-ի հետ պայմանագիր է կնքել էլեկտրացանցին միանալու և էլեկտրաէներգիա ստանալու համար: Համաձայն այդ պայմանագրի` ՀԷՑ-ը մինչև 2022թ. մայիսի 16-ը պետք է գործարանը միացումներ էլեկտրացանցին: Սակայն, ցայսօր գործարանը էլեկտրաէներգիայի ցանցին չի միացվել, և ՀԷՑ-ը գործարանին էլեկտրաէներգիա չի մատակարարում:

«Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն գրավոր դիմումներ է ուղղել ՀԷՑ-ին` խնդրելով կատարել ստանձնած պարտավորությունները: Պատասխաններ չստանալով` ընկերությունը դիմել է նաև պատկան մարմիններին։

Ի վերջո, ՀԷՑ-ը, խախտելով պայմանագրի ժամկետները, անցկացրել է մալուխները, սակայն ընկերության տնօրինությունը պարզել է, որ դրանք չեն համապատասխանում նախագծին. նախագծով նախատեսվում է 97 մետր մալուխն անցկացնել առանց կցոնների, մինչդեռ ՀԷՑ-ը 10 կՎ մալուխը սպառման ցանցին միացրել է 3 կցորդով: 

Որպեսզի հոսանքի գիծն աշխատի, Քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պետք է դրա գործարկման դրական եզրակացություն տա: Սակայն տեսչական մարմինը բացասական եզրակացություն է տվել: 

Դատարանից ընկերությունը պահանջում է պարտավորեցնել ՀԷՑ-ին կատարել իր պայմանագրային պարտավորությունները և փոխհատուցել 412 մլն դրամ։ Մի քանի դատական նիստերի ընթացքում պահանջվող գումարը փոփոխվել է, քանի որ «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն վարկային և պայմանագրային պարտավորություններ է կուտակել, որոնք գնալով ավելանում են։ Բացի դրանից, ընկերության ներկայացուցիչ Մաթևոս Մարկոսյանն ասում է, որ ավելացել է նաև ընկերության սովորական գործունեության ընթացքում բաց թողնված օգուտը, որը հայցադիմումում ի սկզբանե ներառված չի եղել, և 30 մլն դրամի պահանջը, հայցադիմումը տալուց ցայսօր, դարձել է 412 մլն դրամ։ 

Մաթևոս Մարկոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նույնիսկ այս գումարը վերջնական չէ, քանի որ որքան երկարում է դատական գործի քննությունը, և ՀԷՑ-ը չի կատարում իր պարտավորությունը, այնքան աճում է պահանջված գումարի չափը։

Իսկ դատական պրոցեսն այժմ ապացույցների ներկայացման փուլում է։ Վերջին՝ հունիսի 6-ին տեղի ունեցած նիստին ապացույցների ներկայացումը չավարտվեց, քանի որ դատավոր Հ․ Ղազարյանը մեկ այլ գործով  նիստ ուներ։

Չնայած ՀԷՑ-ի ներկայացուցիչները փորձում էին երկար ժամկետով հետաձգել նիստը՝ մինչև հոկտեմբեր կամ դեկտեմբեր, քանի որ արձակուրդային շրջանն է մոտենում, դատավոր Ղազարյանը հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 10-ին․ Մաթևոս Մարկոսյանը պնդեց, որ ինքն էլ բուժման նպատակով պետք է բացակայի այդ ամիսներին, հետևաբար, հնարավորինս շուտ պետք է նշանակել հաջորդ դատական նիստը։

Հուլիսի 10-ին արդեն ՀԷՑ-ն է ներկայացնելու իր ապացույցները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter