
Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ցրման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին:
Մակրոնը նման հայտարարությամբ հանդես է եկել հունիսի 9-ի ուշ երեկոյան, երբ հայտնի է դարձել, որ Եվրախորհրդարանի ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը (նախկինում՝ «Ազգային ճակատ»)։ Նախնական տվյալներով՝ Լը Պենի կուսակցությունը ստանում է ընտրողների ձայների մոտ 32 տոկոսը, իսկ Էմանուել Մակրոնի «Վերածնունդը»՝ մոտ 15 տոկոսը:
Adresse aux Français. https://t.co/sqVqfH3gXy
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 9, 2024
«Այժմ հստակություն մտցնելու ժամանակն է», - ասել է Ֆրանսիայի նախագահը: «Ես լսել եմ ձեր ուղերձը, ձեր մտահոգությունները և դրանք անպատասխան չեմ թողնի»,- խոստացել է Մակրոնը՝ հավելելով. «Ֆրանսիային անհրաժեշտ է ակնհայտ մեծամասնություն՝ հանգիստ և ներդաշնակ գործելու համար»։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը նշանակված է հուլիսի 7-ին:
Reuters-ը գրում է, որ այն բանից հետո, երբ Մակրոնը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, Լե Պենի մի քանի հարյուր աջակիցներ Փարիզի կենտրոնում սկսել են նշել այդ իրադարձությունը։
Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունները ԵՄ երկրներում տեղի են ունեցել հունիսի 6-9-ը: Ֆրանսիայից Եվրախորհրդարանում առաջիկա հինգ տարին 81 պատգամավոր է լինելու Ընդհանուր առմամբ, այս գումարման Եվրոպական խորհրդարանում կա 720 մանդատ, Ֆրանսիան ունի ամենամեծ ներկայացուցչություններից մեկը (երկրի համար պատգամավորական մանդատների թիվը հաշվարկվում է բնակչության թվաքանակի հիման վրա):
Հունիսի 10-ի առավոտյան Եվրախորհրդարանի ընտրություններում ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել։ Նախնական տվյալներով՝ տեղերի մեծ մասը կրկին կզբաղեցնեն աջ կենտրոնամետները, սակայն ծայրահեղ ձախ և աջ կուսակցությունները զգալիորեն կավելացնեն իրենց ներկայացվածությունը, այդ թվում՝ Լը Պենի կուսակցության հաղթանակի հաշվին:
Լուսանկարը՝ Lewis Joly/The Associated Press գործակալություն
Մեկնաբանել