HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հանրահավաք, երթ, նստացույց ԱԺ-ի դիմաց (լուսանկարներ)

Հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, որի ընթացքում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց իրենց գործողությունների օրակարգը․

«Այս ժողովրդի պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին՝ ժամը 18։30-ին, Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։ Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»։

Հանրահավաքից հետո քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ Ազգային ժողովի շենքի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, նրանց առաջ կանգնած էր ոստիկանական շղթան։ Որոշ ժամանակ Ոստիկանության հետ բանակցելուց հետո, որ ճանապարհը բացվի և երթը շարունակվի, քաղաքացիների մի մասը մնաց այդ հատվածում, մյուս մասը՝ Սրբազանի առաջնորդությամբ շրջանցեց Դեմիրճյան փողոցը Պռոշյան փողոցով և շարժվեց դեպի Դեմիրճյան փողոցի մյուս ծայրը, որտեղ Պռոշյան-Դեմիրճյան հատվածում նույնպես ոստիկանական պատ էր կազմված։ Այդ հատվածում իրավիճակը որոշ պահերի պարբերաբար լարվում էր, հետո՝ հանդարտվում։ Ոստիկանության հետ հրմշտոցներից հետո երթը կրկին վերադարձավ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ մնալու են այդտեղ։ Այդպիսով սկսվեց վրանային նստացույց, որը շարունակվում է մինչ այժմ։

Հրապարակում կառավարության և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր․- «Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք վարվելու։ 4 օր՝ 96 ժամ մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter