HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարությունն ընդունում է՝ ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման ոլորտում վերահսկողությունը թույլ է

Երկու տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ավտոմեքենաների գազաբալոնների պարբերական վկայագրման, այլ կերպ ասած՝ գազաբալոնների պիտանելիության ստուգման օրենքի պարտադիր պահանջը։ Այդ ժամանակ վարորդներն օրերով հերթագրվում էին, որ կարողանան մինչև 2022թ․ օգոստոսի 1-ը գազաբալոնները վկայագրել, քանի որ հայտարարվել էր՝ վերահսկողությունը խիստ է լինելու, և չվկայագրված գազաբալոնները չեն լիցքավորվելու։ Շուտով կլրանա երկու տարին, այդպես էլ չնկատվեց խիստ վերահսկողությունը։

2021-ի փետրվարի 26-ին ուժի մեջ մտան «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի լրացումները, որոնց համաձայն՝ արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  (ՏԿԵՆ) պարբերաբար հաղորդագրություն էր տարածում, որ 2022թ. օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ գազաբալոնները պարբերական վկայագրում են անցնում հիմնականում 2 տարին մեկ անգամ։

Օրենքով նախատեսված պահանջի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Վերջինս, օրենքով պետք է մշտադիտարկի գազալցակայանների գործունեությունը և պարբերաբար կազմակերպի ստուգումներ և թերացողներին ենթարկի վարչական պատասխանատվության:

ՏԿԵՆ-ը գազաբալոնային տրանսպորտային միջոցների միասնական ռեգիստր կազմավորելու նպատակով ձևավորել և վարում է էլեկտրոնային շտեմարան: Գազաբալոնների տեղադրման կամ պարբերական վկայագրման աշխատանքներն ավարտելուց հետո լիցենզավորված կազմակերպությունների կողմից շտեմարանում մուտքագրվում են գազաբալոնային տրանսպորտային միջոցի և գազաբալոնների տվյալները:

Նախարարությունից հայտնում են, որ գազալիցքավորում իրականացնող 264 կազմակերպության տրվել է շտեմարանի հասանելիություն, որպեսզի վերջիններս տեսնեն՝ արդյոք լիցքավորվող ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնը վկայագրվա՞ծ է, ու՞նի դրական եզրակացություն, թե՞ ոչ:

Ըստ ՏԿԵՆ-ի՝ որևէ կազմակերպության էլեկտրոնային շտեմարանին հասանելիություն չունենալու վերաբերյալ տեղեկատվություն չունեն: Եթե տեսչական մարմինը այդպիսի կազմակեպություն է հայտնաբերում, նույն օրվա ընթացքում ապահովում են էլեկտրոնային շտեմարանին հասանելիություն:

Նշենք, որ գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն համապատասխան լիցենզիա:

Նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման բնագավառում լիցենզավորվել է 116 ընկերություն կամ անհատ ձեռնարկատեր, որից 6-ի լիցենզիան, որը վերաբերում է գազաբալոնների պարբերական վկայագրմանը, նախարարի հրամանով դադարեցվել է:

Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գաղտնիք չէ՝ այսօր վերահսկողությունն իրոք թույլ է, և փորձում են տարբերակներ գտնել հարցը լուծելու համար: Դրանցից մեկը, ըստ Խ. Սողոմոնյանի, թվայնացումն է: Այսօր գազալցակայանները շտեմարանին հասանելություն ունեն ընդհանուր մուտքով, սակայն այն տարբերակված չէ՝ չի երևում, թե որ լցակայանն է շտեմարանի միջոցով ստուգել գազաբալոնի վկայագրման առկայությունը:

«Եթե անհատականացվի, հնարավոր է տեսնել, որ օրինակ,  գազալցակայանում լիցքավորվել է 100 մեքենա, և արդյոք այդ 100 մեքենայի գազաբալոնի վկայագրումը ստուգվել է, թե ոչ: Այժմ սերվերի հետ կապված խնդիր կա, փորձենք այդ ուղղությամբ գնալ»,- ասում է նախարարության վարչության պետը:

Խաչիկ Սողոմոնյանն ասաց, որ 2024թ. հունիսի 10-ի ժամը 17:10 րոպեի տվյալով վկայագրվել է 344 հազ. 95 գազաբալոն: Այդ թվի մեջ ներառված են նաև լիցենզավորված կազմակերպության կողմից 2022թ. հուլիսից մինչ օրս տեղադրված նոր գազաբալոնները, ինչպես նաև արտասահմանյան պետհամարանիշի ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկումներն ու գազաբալոնների տեղադրումները:

2022թ. հուլիսից մինչ օրս, երբ գործարկվել է  էլեկտրոնային շտեմարանը, լիցենզավորված կազմակերպությունների կողմից ավտոմեքենաների վրա տեղադրվել է 8317 գազաբալոն:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց մասնագետներն իրականացնում են ամենօրյա մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ։

2022թ. օգոստոսի 1-ից մինչ 2024թ. մայիսի 31-ը ներառյալ Հանրապետության տարածքում գործող գազալցակայաններում իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կազմվել է տրանսպորտի բնագավառում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 1075 արձանագրություն։

Տեսչական մարմնից խնդրել էինք տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացնելու ավտոմեքենաների գազաբալոնների լցավորման համար։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը գրավոր հայտնել է, որ «Տեսչական մարմինը ընկերությունների տվյալների վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացնում»։

Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու ավտոմեքենաների գազաբալոնների լցավորման դեպքով Տեսչական մարմնի կողմից նշանակվել է նաև տուգանք։ Այդ տվյալներն ուսումնասիրելուց էլ ակնհայտ է դառնում, որ վերահսկողությունը թուլացել է։ Մասնավորապես՝  լցակայաններում շտեմարանի հետ նույնականացում չի իրականացվում, զուգահեռ նվազում է վերահսկողության արդյունքում կիրառված տուգանքի չափը։ Մասնավորապես, եթե 2022թ․ կիրառվել է 88 մլն 400 հազ․ դրամի տուգանք, 2023թ․՝ 40 մլն 200 հազ․ դրամ, ապա 2024թ․ հունիսի 7-ի դրությամբ կիրառվել է 2 մլն 200 հազ․ դրամ տուգանք։

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն՝  առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումն առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` 200 հազ. դրամի չափով: Իսկ նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` 400 հազ. դրամի չափով:

Համլետ Մինասյանը, որպես անհատ ձեռնարկատեր, գազաբալոնների պարբերական վկայագրման լիցենզիան ստացել է 2022թ․ օգոստոսի 31-ին և գործունեություն է իրականացնում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

«Հետք»-ի հետ զրույցում Հ․ Մինասյանն ասաց, որ այժմ ամսվա ընթացքում 1-2 անգամ են գազաբալոնի պարբերական վկայագրում անցկացնում, քանի որ հիմնականում վարորդներն իրենց ավտոմեքենաների գազաբալոնները վկայագրել են 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, և դեռ 2 տարին չի լրացել։

«2-3 ամսից նոր պարզ կլինի՝ մարդիկ կշարունակեն վկայագրել գազաբալոնները, թե այդպես էլ կմնա։ Եթե շարունակություն չլինի, արդեն կմտածենք այս բիզնեսը փակելու մասին»,- նշեց Համլետ Մինասյանը։

 

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

Գլխավոր լուսանկարը՝ ՏԿԵՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter