Հակաականային ոլորտում փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Մարդկանց, սեփականության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի նախագահ Բերնար Ջաննինը հունիսի 11-ին հումանիտար հակաականային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Ըստ հաղորդագրության՝ արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները, «ՀԱՓԿ» ղեկավար անձնակազմը:
«ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հումանիտար հակաականային գործունեության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հաստատումը, նշել փոխգործակցության կարևորությունը. «Մենք կարևորում ենք փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործընկերային ծրագրերի իրականացումը, որոնք կծառայեն հումանիտար hակաականային ոլորտի գերնպատակին, այսինքն՝ մարդկանց համար հնարավորություն կստեղծեն ապրել անվտանգ և առավել ազատ»։
Պարոն Խաչատրյանը նշել է. «Փոխըմբռնման հուշագիրն իրավական տեսանկյունից պարտադրող բնույթ չի կրում, այն կախված է կողմերի նախաձեռնություններից, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կանեն հնարավորը, որ այն չմնա թղթի վրա»։
Ֆրանսիական Հանրապետության Մարդկանց, sեփականության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի նախագահ Բերնար Ջաննինն իր խոսքում ևս կարևորել է հումանիտար հակաականային ոլորտում «ՀԱՓԿ» հետ համագործակցությունը։ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Բերնար Ջաննինը տեսաներկայացման միջոցով ցուցադրել է հակաականային ոլորտում ֆրանսիական փորձը և նոր մոտեցումները։
Լուսանկարը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի
Մեկնաբանել