HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զինապահ» հիմնադրամը 2023-ին աջակցել է 5,431 զինծառայողների և նրանց ընտանիքների

«Զիանապահ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը հունիսի 12-ին ներկայացրեց հիմնադրամի երկարաժամկետ զարգացման ուղին, գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց 2023թ․ տարեկան և 2024թ․ 1-ին եռամսյակի հաշվետվությունները, ԶԻՆԱՊԱՀԻ hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն՝ Նարինե Գալստյանը ներկայացրեց նոր ծրագրերը՝ զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը և «Թիկունքն այստեղ է․․․» նախագիծը։ Ստորեւ՝ ասուլիսի մասին Հիմնադրամի հաղորդագրությունը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն անդրադարձավ օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ հնարավորություն ստացավ ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև սոցիալական ծրագրեր։ «Հատկապես, ցանկանում եմ նշել, որ այս տարվա սկզբի  հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համագործակցելով կառավարության մեր գործընկերների հետ, մենք վերանայել և ինդեքսավորել ենք շահառուների հատուցման գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ․ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով»,- նշեց Իրինան իր խոսքում։

Անցյալ շաբաթ հոգաբարձուների խորհուրդը մեկ այլ որոշում է կայացրել, որը կբարելավի  ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողի կամ հաշմանդամություն ունեցող զինծայողներին, կտրվի ամսական 50,000-ական դրամ։ 

Մամուլի ասուլիսը շարունակեց Կարինե Սարգսյանը, որը ներկայացրեց 2023-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտին կատարված աշխատանքը մի քանի առանցքային թվերով։

2017-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԸ հատուցում է տրամադրել 5,345 զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճանի (նախկինում՝ 1-ին և 2-րդ խմբի) զինհաշմանդամություն ունեցող զինծառայողների։ Միայն 2023թ․ շահառու է դարձել 108 զինծառայող, իսկ 2024թ․ 1-ին եռամսյակում՝ 147 զինծառայող։ 

2017-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9․4 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 91․5 մլրդ ՀՀ դրամի չափով։ 

Այնուհետև Նարինե Գալստյանը, շարունակելով ասուլիսը, ներկայացրեց զոհված զինծառայողերի ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը, որն իրականացվում է ՀՀ Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ համատեղ՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր զինծառայողներին։

«Այս նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։ Նախագիծը ենթադրում է շուրջ 4,300 զոհերի անվանական հրապարակում ԶԻՆԱՊԱՀԻ կայքում՝ լուսանկարի և անձնական պատմության հետ մասին»,- նշեց Նարինե Գալստյանը։

Նախագծի մեկնարկն արդեն տրված է։ Ըստ ժամանակացույցի՝ 2025թ տարեսկզբին ԶԻՆԱՊԱՀԻ կայքում հրապարակված կլինի ԶԻՆԱՊԱՀԻ շահառու զոհված զինծառակողների լուսանկարները և հակիրճ ինքնակենսագրականները։ 

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը, որը նպատակ ունի ճանաչել և մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու, ով յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձից կատարում է պարտադիր դրոշմանիշային վճար, որն էլ ձևավորում է ԶԻՆԱՊԱՀԻ ֆինանսական միջոցների զգալի մասը։

******

ԶԻՆԱՊԱՀԸ ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։ 

ԶԻՆԱՊԱՀԸ եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  ԶԻՆԱՊԱՀԸ համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրատվություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԻՆԱՊԱՀԻ ակտիվների կառավարումից։

ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

2023թ․ նոյեմբերի դրությամբ ԶԻՆԱՊԱՀՆ աջակցում է 5,431 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,500 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև ամսական 100,000 – 300,000 ՀՀ դրամ 20 տարի շարունակ՝ ըստ զինվորական կոչման։ 2017թ․ ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրել է ավելի քան 95 մլդ․ ՀՀ դրամի հատուցում։

Լուսանկարը՝ Հիմնադրամի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter