Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության համար մեղադրվում է ոչ թե 21-ամյա երիտասարդը, այլ նրա ընկերը
«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվում է ոչ թե 21-ամյա երիտասարդը, ինչպես հաղորդել էր Քննչական կոմիտեն, այլ նրա ընկերը։ Հունիսի 12-ին տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։
«Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է հիշյալ քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ Երևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Դ․Պ․-ն, վերջինիս ընկերներ՝ 21-ամյա Ա․Մ․-ն և 19-ամյա Հ․Ս․-ն, վազել են նրա ուղղությամբ: Երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ երիտասարդներից մեկը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները շարունակել են ոտքերով, մահակով հարվածներ հասցնել գետնին ընկած երիտասարդի մարմնին։ Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:
Ավելի ուշ Դ․Պ-ն, և Ա․Մ․-ն, դեպքի հետ առնչություն չունեցող ևս մեկ անձի հետ հայտնաբերվեցին Սիսիան քաղաքում և ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմնին։
Նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված փաստական տվյալների, այդ թվում՝ Ա․Մ․-ի տված ցուցմունքների հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Մյուս երկու անձանց՝ Ա․Մ․-ին և Հ․Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնցից առաջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը և հայտարարվել էր հետախուզում:
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում բացառապես կիրառված քննչական արդյունավետ տակտիկայի և մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել փաստական տվյալների անհրաժեշտ համակցություն, որով պարզվել է, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ․-ն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել է խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր 21-ամյա ընկերոջը՝ Դ․Պ․-ին և շեղելով նախաքննությունը։ Հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի 12-ին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի մոտ տեղի ունեցած նույն վիճաբանության ընթացքում վերջինս է իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա դեպքից հետո Դ․Պ․-ի հետ տաքսի ավտոմեքենայով ուղևորվելով վերջինիս տուն՝ հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել են այնտեղ։
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նրանց նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Արդյունքում 21–ամյա Դ․Պ․-ն-ին մեղսագրվող արարքների ծավալից հանվել է սպանության մեղադրանքը և նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Նույն հոդվածներով նոր քրեական հետապնդում է հարուցվել նաև հետախուզման մեջ գտնվող Հ․Ս․-ի նկատմամբ։
Իսկ Ա․Մ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ:
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է և որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել