
Աբրահամ Գասպարյանը կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի է ենթարկվել. փաստաբան
Լրագրող Աբրահամ Գասպարյանին կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Տեղի է ունեցել անօրինականություն, առերևույթ հանցագործություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գասպարյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը։
«Այս պահի դրությամբ՝ Աբրահամ Գասպարյանն ազատ է արձակվել, քրեաիրավական գործընթաց իր նկատմամբ չկա։ Հակառակն է լինելու, պատասխան են տալու այդ կարմիր բերետավոր կոչվածները, ես խոստանում եմ, ողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու, ողջ գործիքակազմը մենք կիրառելու ենք»,- նշել է նա։
Փաստաբան Տիգրան Գրիգորյանը հայտնել է նաև, որ պատրաստվում են հանցանքի մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ գողության մասին։ «Կարմիր բերետավորները չեն զլացել, վզի շղթան էլ են գողացել»,- ասել է փաստաբանը։
«Ազգային ճակատ» նախաձեռնությունից էլ հայտնում են, որ Աբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են, նրա մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել։
Գլխավոր լուսանկարը՝ «Ազգային ճակատի» տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել