HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանի ներկայիս քաղքական իրավիճակի մասին։

«Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։

Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։

Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որ դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։

Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։

Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:

Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը։

Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter