
Հայաստանի ամերիկյան համալսարանում բացվել է Մեդիա լաբ
Հունիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի է ունեցել Մեդիա լաբի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանը։
«Նախագիծն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Արտասահմանում ամերիկյան դպրոցներ և հիվանդանոցներ» ծրագրի (ASHA) տրամադրած 813,135 ԱՄՆ դոլար դրամաշնորհով:
Մեդիա լաբի նպատակներից է ամրապնդել ժողովրդավարությունը, զարգացնել քաղաքացիների ներգրավվածությունը մամուլի և սոցիալական մեդիայի մեջ և աջակցել տեղեկատվության ճիշտ ընկալմանը: «Իմ առաջին նախագահության ժամանակ՝ 2012 թվականին, ես պատիվ ունեի բացելու ՀԲԸՄ Փափազեան գրադարանը, որը հնարավոր դարձավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
Հաջորդող տարիների ընթացքում մենք բացեցինք ՀԱՀ-ի նոր մասնաշենքեր և այլ տարածքներ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, իսկ այժմ՝ իմ երկրորդ նախագահության ընթացքում, ես կրկին մասնակցում եմ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորած նախագծի՝ ՀԱՀ Մեդիա լաբի բացման արարողությանը»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը:
«Մենք աջակցում ենք Հայաստանում մեդիա ոլորտի զարգացմանը: ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը մեծ դեր են խաղում լրագրության չափանիշների բարձրացման, ապատեղեկատվության դեմ պայքարի և որակյալ լրագրության զարգացման հարցում: Մեդիա լաբի նման ծրագրերով մենք ցանկանում ենք խթանել փոփոխությունները, աջակցել երիտասարդ լրագրողներին և առաջարկել հարթակ անհատներին»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն:
Մեդիա լաբը ժամանակակից սարքավորումների և գործիքների կիրառմամբ, կօգնի հստակեցնել մեդիա ոլորտի նպատակները: Նախաձեռնությունը կնպաստի ճիշտ և հիմնավոր մոտեցումների ստեղծմանը՝ կրճատելու ապատեղեկատվությունը, որը վնասում է մեդիա ոլորտին և առաջ է բերում ժողովրդավարության հիմքերը խարխլող թեզեր:
Մեդիա լաբը կծառայի որպես հարթակ՝ ամրապնդելու ամերիկյան արժեքները և խթանելու քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը:
Սա կբարելավի հանրային վստահությունն ու հանդուրժողականությունը տարբեր համայնքների միջև և կբարձրացնի քաղաքացիական ներգրավվածությունը:
Մեդիա լաբն արդեն գործում է, և վերջերս մեկնարկել է Focus Series փոդքաստների ալիքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել