HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ

2024 թվականի փետրվարին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար գնում է արվել՝ գնանշման հարցում ընթացակարգով, որին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Սասուն Ղուլունցը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբայրն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը 12 մլն 335 հազար դրամ է եղել։ Բացի այս ԱՁ-ից, Սասուն Ղուլունցին է պատկանում նաև «Աս Շին 80» ՍՊԸ-ն։ Նա նաև «Էներգես» ՍՊԸ-ի տնօրենն է, որի բաժնեմասերի 34%-ը պատկանում է նրա դստերը՝ Շահանե Ղուլունցին, 33%-ը՝ Դավիթ Ղուլունցի դստերը՝ Դիանա Ղուլունցին։ Այս 2 ընկերությունները հիմնադրվել են 2021թ․-ին։ «Աս Շին 80» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ, իսկ «Էներգես» ՍՊԸ-ն շահագործում է «Սիսական-1» փոքր հէկը։

Սասուն Ղուլունցն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել համայնքի հետ։ Պայմանագիրը կնքվել է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։ Այս անգամ գնումն իրականացվել է բաց մրցույթ ընթացակարգով, սակայն եղել է միայն մեկ մասնակից՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 284 մլն 848 հազար դրամ։

Նախորդ տարի նույնպես Սասուն Ղուլունցի հետ Տեղ համայնքը պայմանագրեր է կնքել։ 2023-ի նոյեմբերին Տեղ գյուղի ոռոգման ներտնտեսային ցանցի պոմպակայանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար համայանքապետի եղբորը համայնքը վճարել է 7 մլն 749 հազար դրամ։

Տեղ համայնքի Քարաշեն և Խնածախ բնակավայրերում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքները ևս իրականացրել է Սասուն Ղուլունցը։ Այս պայմանագրի ընդհանուր գումարը 9 մլն 768 հազար դրամ է եղել։

Իսկ Վաղատուր բնակավայրի վարչական շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրկանացնելու համար Ղուլունցը ստացել է 6 մլն 384 հազար դրամ։

2022-ին համայնքապետարանը Սասուն Ղուլունցի հետ կնքել է 5 պայմանագիր։ Տեղ համայնքի խաղահրապարակ-ժամանցի կենտրոնի վերակառուցման-վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Ղուլունցը համայնքից ստացել է 9 մլն 690 հազար դրամ, հրշեջ ավտոմեքենայի ավտոտնակի կառուցման աշխատանքների համար՝ 5 մլն 829 հազար դրամ, Մելիք Բարխուդարի ապարանքի տանիքի վերակառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար՝ 8 մլն 530 հազար դրամ, Քարաշեն բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար՝ 5 մլն 160 հազար դրամ և Տեղ համայնքի Տեղ բնակավայրի նախկին հիվանդանոցի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար՝ 28 մլն 550 հազար դրամ։

Դավիթ Ղուլունցը Տեղ համայանքի ղեկավար է ընտրվել 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Համայնքապետ ընտրվելուց հետո նրա եղբոր ԱՁ-ի հետ համայնքը կնքել է 10 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 378 մլն 843 հազար դրամ։ Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը նշեց, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։ «Հեշտ չի սահմանամերձ գոտում գտնել ընկերություն, որը կհամաձայնի շինարարություն իրականացնել»,- ասաց Ղուլունցը։ Նրա խոսքով՝ ինքն առնչություն չի ունեցել եղբոր ԱՁ-ի հետ պայմանագրերի կնքման գործում։

Հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանի խոսքով՝ խախտվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը։ «Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պարտավոր է շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ»,- ասաց Խուդավերդյանը։

Նշենք նաև, որ Դավիթ Ղուլունցի քեռին Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է։ Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ համայնքապետն անպատժելի է մնում հենց քեռու շնորհիվ, որն իր կապերն օգտագործում է զարմիկին ամեն կերպ պաշտպանելու համար։

Ամիսներ առաջ էլ գրել էինք Տեղ համայնքի մանկապարտեզների սննդի և համայնքի կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագրերի կնքման մասին։ Համայնքապետը գնումները կատարել էր իր կնոջ՝ Կարմեն Մալյանի ԱՁ-ից և քեռուն՝ Մարտունիկ Պողոսյանին պատկանող «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ից։ Այս հոդվածի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել։ 

Գլխավոր լուսանկարում ձախից՝ Դավիթ Ղուլունցն ու Մելիքսեթ Պողոսյանը

Գլխավոր լուսանկարը՝ Արեն Նազարյանի

Ինֆոգրաֆիկան՝ Լենա Սահակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter