Բելառուսը Ադրբեջանին գաղտնի զենք է վաճառել. POLITICO
Ամերիկյան POLITICO թերթը հոդված է հրապարակել` նշելով, թե Բելառուսը Ադրբեջանին գաղտնի զենք է վաճառել։
Թերթի տրամադրության տակ գտնվող արտահոսած շուրջ մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական նոտաների, վաճառքի հաշիվ-ապրանքագրերի ու արտահանման փաստաթղթերի համաձայն, Բելառուսը սպառազինություն և ռազմական տեխնիկա է վաճառել Ադրբեջանին։
Չնայած նրան, որ և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, Բելառուսն ակտիվորեն սատարել է ադրբեջանական զինված ուժերին 2018-2022թ.։
POLITICO-ն նշում է, որ փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական գործակալության նամակները՝ ուղղված բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններին։ Այդ նամակները վերաբերում են Ադրբեջանի համար նախատեսված նորագույն հրետանու թիրախային սարքավորումների պատվերներին։
«(Բելառուսի կողմից ՝ խմբ.) առաջարկվող ծառայությունները ներառում էին հին հրետանային սարքավորումների արդիականացում, էլեկտրոնային պատերազմի և անօդաչու սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում»,- նշված է հոդվածում։
Թերթի տրամադրության տակ է նաև երկու պետությունների միջև նամակագրությունը, որը վերաբերում էր Ադրբեջանի զինված ուժերին «Гроза-С» համակարգի վաճառքին։ «Гроза-С»-ը բելառուսական ինքնագնաց ռադիոէլեկտրոնային կայան է, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի կառավարման ալիքները և նավիգացիոն համակարգերը հայտնաբերելու, հետևելու և խափանելու համար:
POLITICO-ն նշում է, որ ո՛չ Բելառուսը, ո՛չ Ադրբեջանը չեն պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։
Նշենք, որ ԱԺ-ում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բելառուսի հետ հարաբերություններին։
«Ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի: Ընդհանրապես»,-ասել է վարչապետը։
Նույն օրը Բելառուսն ու Հայաստանը հետ են կանչել իրենց դեսպաններին։
Ավելի վաղ Փաշինյանը ակնարկել էր Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։
POLITICO-ն Փաշինյանի հայտարարությունը և երկու երկրների հարաբերությունների լարումը պայմանավորում է Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքով։
Մեկնաբանել