HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանությունը ցանկանում է հասանելիություն ունենալ մասնավոր օբյեկտների տեսախցիկներին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, որով մի շարք տնտեսվարողների պարտադրվում է տեղադրել տեսահսկման սարքեր և Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) համար ապահովել ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին: Իրավունքի մասնագետներն այս նախագիծը ռիսկային են համարում՝ ծայրահեղ միջոց, քանի որ պետությունը կարող է չդիմանալ «գայթակղությանը» և այդ տեղեկատվությունն օգտագործել այլ նպատակներով:

«Ոստիկանության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը հեղինակել են Կառավարությունը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը

Ըստ նախագծի՝ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեն բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ նույն ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներում, ուսումնական հաստատություններում, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններում, 100քմ ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, ինչպես նաև՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, առևտրի իրականացման վայրերում, մետրոպոլիտենում, ստորգետնյա ավտոկայանատեղերում, 50 քմ ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում: Նշված հաստատություններից բացի, ոստիկանությունը կարող է պահանջել և ստանալ տեսագրություններ տեսանկարահանող համակարգերով հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից և հասանելիություն ունենալ դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու, տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերի հասանելիությունը ներառող պահանջները խախտելու համար առաջանալու է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 300 հազ. դրամից մինչև 1 մլն դրամ:

Վերը թվարկված օբյեկտները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի դուռը, երկայնքով՝ ամբողջ տարածքը: Եթե տվյալ տարածքն առանձին շենք է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի դուռը, իսկ եթե տվյալ տարածքն առանձին շենք է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի դուռը՝ 2 մետր լայնությամբ: Պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսվարողի սեփականություն հանդիսացող տարածքի ողջ երկայնքով՝ 2 մետր լայնությամբ:

Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով հավելյալ ծախսեր չկան, քանի որ նշված օբյեկտների սեփականատերերը, հաշվի առնելով, որ այդ տարածքներում կատարվում են հանցագործություններ, արդեն իսկ ապահովված են տեսահսկման համակարգերով։ Հետևաբար, ակնկալում են, որ մասնավոր հատվածի հետ համագործակցության շնորհիվ կունենան հանրային անվտանգության երաշխիքներ։

Օրենքով պարտադիր պահանջ սահմանելու իմաստն այն է, որ ներկա կարգավորումներով երբեմն ոչ աշխատանքային օրով, ժամով պայմանավորված՝ հնարավոր չի լինում մասնավոր հատվածից արագ վերցնել տեսանկարահանումները։ Իսկ պարտադիր պահանջի դեպքում ոստիկանությունը շուրջօրյա և անընդմեջ հասանելիություն է ունենում տեսահսկման համակարգերին։

Նախագծի փաթեթում նշված է, որ ՆԳՆ-ի կողմից տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում կարող է իրականացվել իրավախախտումների նախականխման, կանխման և բացահայտման, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նպատակով: 

Նախագծի հեղինակների հիմնավորումը

Նախագծի հեղինակների հիմնավորումն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին հնարավորինս արագ արձագանքելու համար՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ  հանցագործությունների անկառավարելի աճը:

Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ միջազգային պրակտիկայում լայն տարածում են գտել «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգերը: «Խելացի քաղաքը» տեխնոլոգիապես ժամանակակից քաղաքային տարածք է, որն օգտագործում է տարբեր տեսակի էլեկտրոնային մեթոդներ հասարակական կյանքը համակարգելու, ծառայություններ մատուցելու և  կոնկրետ տվյալներ հավաքելու համար: Խելացի քաղաքի գաղափարի շրջանակներում կարևոր է հանրային տարածքներում էլեկտրոնային տեսահսկման և նկարահանման հնարավորությունների ընդլայնումը:

Դարձյալ հղում անելով միջազգային փորձին՝ նշվում է, որ այն քաղաքները, որտեղ ավելանում են հանրային վայրերի տեսանկարահանման և տեսահսկման հնարավորությունները, բարելավում են իրենց դիրքը անվտանգ քաղաքների շարքում: Շատ վայրերում, այդ թվում՝ Լոնդոնում, Կարաչիում և Սեուլում, համապատասխան սարքերի տեղադրումը և օգտագործումն իրականացնում են մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: Սա մասնավոր հատվածի հետ փոխշահավետ համագործակցության ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս կրճատել պետության՝ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ գնելուն ուղղված ծախսերը, իսկ մասնավոր ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում՝ աշխատելու անվտանգության առավել լայն երաշխիքների պայմաններում:

«Նախագծերի փաթեթով հստակ սահմանված է բացառապես հանրային նշանակության տարածքների նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակը, և տեսահսկումն ու տեսագրությունը չի կարող հետապնդել որևէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը սահմանափակելու նպատակ»,- նշում են հեղինակները և հավելում, որ նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը, լուծել պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրներ, արդիականացնել հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտները՝ առանց սահմանափակելու անձանց սահմանադրական իրավունքների ապահովման երաշխիքները:

Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ այդ տեսահսկման սարքերը խոցելի չեն դարձնում մարդու անձնական կյանքի իրավունքը, քանի որ տեսախցիկներով հսկվում է միայն հանրային տիրույթը։

Նախագծերի փաթեթում նշվում է, որ տեսահսկման համակարգերի անվտանգությունը և անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է լավագույն և գերժամանակակից կիբեռանվտանգության միջոցների կիրառում: Իսկ ելնելով անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթությունից՝ անձանց նույնականացումը նախատեսվում է իրականացնել բացառապես հանցագործությունների կանխման և բացահայտման նպատակով:

Արփինե Սարգսյանի խոսքով, տեսահսկման նման համակարգեր չունեցող տնտեսվարողների համար, օրենքի նախագծի ընդունման դեպքում ծախսը չի գերազանցի 100 հազ․ դրամը։

Պատգամավորների մտահոգությունը

Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներին հիմնականում մտահոգում էին տեխնիկական հարցեր։

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը նախարարի տեղակալից հետաքրքրվել է, թե ինչպես է կատարվել օբյեկտների ընտրությունը, որոնց տեսահսկումը պարտադիր է դառնալու։ Ա․ Սարգսյանի խոսքով՝ առաջնորդվել են միջազգային փորձով և ներպետական վիճակագրությամբ, թե հանրային հատվածի որ մասերում են հիմնականում հակաօրինական արարքներ տեղի ունենում։

Պատգամավոր Արփի Դավոյանի կարծիքով՝ մեկ տարի ժամանակ է տրվում տնտեսվարողներին, որպեսզի նրանք տարածքները կահավորեն տեսահսկման սարքավորումներով, ինչը կարճ ժամկետ է. «Ինչքան էլ ասենք, թե մասնավոր հատվածն արդեն տարածքները կահավորել է նման համակարգերով, միևնույն է, այն ամբողջը չէ, և օրենքով ֆինանսական բեռ է դրվում տնտեսվարողների վրա»։

Դավոյանի կարծիքով, հանրային անվտանգության ապահովման պատասխանատուն պետությունն է, ոչ թե մասնավոր հատվածը, հետևաբար պետք է ժամկետը երկարաձգել, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը չտուժի։ Արփինե Սարգսյանն ասել է, թե կքննարկեն առաջարկը։ Սակայն, նախագծի համահեղինակ Հայկ Սարգսյանը դեմ է արտահայտվել ժամկետը երկարաձգելուն՝ նշելով, թե առանց այդ էլ ուշացել են։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ առաջարկել է, որ ոստիկանությունը պարտադիր հասանելիություն ունենա նաև համայնքային տեսախցիկներին։ Ըստ Արմեն Խաչատրյանի, համայնքապետարանը երբեմն տեսախցիկներ է տեղադրում իրեն հետաքրքրող հատվածներում, և լավ կլինի, որ ոստիկանության համար դրանք ևս հասանելի լինեն։

Ծայրահեղ միջոց, որի անհրաժեշտությունը չկա

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը կարծում է, որ ներկայացված նախագծով անհամաչափ մոտեցում է ցուցաբերվում, քանի որ Հայաստանում  այն աստիճան շատ չեն հանցագործությունները, որ այլ միջոցներ չկան պայքարելու, մասնավորներին են ստիպում, որ տեսախցիկներ տեղադրեն:

«Մենք դեռ չունենք այն աստիճանի զարգացած կառուցակարգեր, որ կանխարգելի գայթակղությունը՝ մարդկանց վերաբերյալ տվյալներ հավաքելու կամ տվյալ մասնավոր կազմակերպության գործունեությանը վերաբերող, անձնական տվյալներն անօրինական մշակելուց»,- ասում է Արա Ղազարյանը:

Փորձագետի կարծիքով, պետությունը մտնում է ծանր բեռի տակ, քանի որ վարչական մարմինն այնքան ռեսուրս չունի, որ վերահսկի տեղեկատվության հոսքերը, և պետք է պայմանագիր կնքի մասնավոր կազմակերպության հետ: Բացի այդ, պետք է պայմանագրեր կնքվեն մասնավորի սեփականատերերի հետ, սակայն միայն դրա կառավարումը արդեն իսկ մեծ բեռ է:

«Սա ծայրահեղ քայլ է: Այս փոքր երկրի համար, բացի այն, որ օպերատիվ գործակալական ցանցը կա, բոլորս գիտենք, դրան էլ ավելացվում են տեսախցիկները: Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Նախ՝ պետք է ուսումնասիրել վիճակագրությունը, պետք է ցույց տալ, որ այլ տարբերակներով հնարավոր չէ շեշտակի աճող հանցագործությունների դեմ պայքարել, և այստեղ պետք է ներառել մասնավոր բլոկը: Կարծում եմ՝ մենք երկրում այլ խնդիրներ ունենք լուծելու, քան թե այդքան շատ տեսախցիկների տեղադրումը»,- ասում է Ա. Ղազարյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում հանցագործությունները շուտ են բացահայտվում, քանի որ փոքր երկիր ենք, և օպերատիկ-հետախուզական միջոցներով հնարավոր է բացահայտել: Տեսախցիկներով վերահսկողության կարելի է գնալ, եթե կազմակերպված հանցագործությունն ահռելի չափերի է հասնում:

«Էլ չեմ ասում, որ սա քողարկված նպատակներով կարող է օգտագործվել՝ քաղաքացիների կամ ձեռնարկությունների վերաբերյալ տվյալներ հավաքել, վերահսկողության դաշտ բերել, հետևել անցուդարձին և այլն: Մի խոսքով, պետք է չհամաձայնել նման նախագծին»,- եզրակացնում է Արա Ղազարյանը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ, սակայն այն չի հրապարակվել։ Գործակալությունն էլ չի մեկնաբանում, թե ինչ եզրակացություն է տվել: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք Արդարադատության նախարարություն (գործակալությունը նախարարության առանձնացված ստորաբաժանումներից է), որ պարզենք նրա դիրքորոշումը: Նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանն ասաց, որ գործակալությունը տրամադրել է կարծիք, նախարարությունն էլ նախագծի վերաբերյալ ներկայացրել է եզրակացություն, որը դեմ կամ կողմ լինելու մասին չէ: Այդ եզրակացությունը Ներքին գործերի նախարարությունը կարող է ընդունել կամ ոչ: Ինչ կարծիք է ներկայացվել նախագծի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ նախարարի մամուլի քարտուղարը խորհուրդ տվեց գրավոր դիմել:

Լուսանկարում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը/parliament.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter