![](/static/articles/16/74/06/l-eJJDIjrsUI.jpg)
ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր. ԱԳՆ խոսնակ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր Բելառուսի նախագահի հայտարարությունն, ըստ որի՝ իրենք 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել են և ցանկացել, որ Ադրբեջանը հաղթի։ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ Դրանից հետո Բելառուսն ու Հայաստանը հետ կանչեցին իրենց դեսպաններին։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն սթրեսի նկատմամբ։ Սա կարող ենք հասկանալ, բայց չենք հասկանում ի՞նչ կապ ունի Բելառուսը։ Հայաստանին այնպիսի ղեկավարություն եմ մաղթում, որը իսկապես մտածում է սեփական երկրի ապագայի ու ժողովրդի բարեկեցության մասին»,- հայտարարել էր Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը։
Լուսանկարը՝ Կառավարության լրատվական ծառայության, 2019թ. հանդիպումից
Մեկնաբանել