HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե՛ խաղաղ, թե՛ արտակարգ պայմաններում արյան կարիք կա

«Երևի պատկերացում չունեն, թե ինչքան պետքական կարող է լինել, ալարում են, վախենում են… տարբեր են պատճառները, բայց ամենաշատը ինձ թվում է, որ պատկերացում չունեն, թե արյունը ի՞նչ են անելու, ո՞ւր է հասնելու, կամ հասնելու է՞, արդյոք, հիվանդի, թե ոչ»,- ասում է 22-ամյա Նորայր Բեգլարյանը, որն այսօր առաջին անգամ արյունատվության մասնակցեց։

Ասում է՝ որոշել է արյուն տալ, քանի որ մի փոքր ժամանակ հատկացնելով՝ կարող է ուրիշների կյանքը փրկել․ «Պետք էլ չգա, կիմանամ, որ արել եմ»։

Այսօր՝ հունիսի 14-ին, արյան դոնորների համաշխարհային օրվա առթիվ Երևանում կազմակերվել է արյունատվության ակցիա երկու կետերում՝ Խաչքարերի պուրակում և Դիանա Աբգարի անվան այգում։

«Նման ակցիաները ևս մեկ առիթ են ժողովրդին հիշեցնելու, որ արյուն մշտապես պետք է, հիվանդներ մշտապես կան, որպեսզի արյուն հանձնելու համար չսպասեն արտակարգ իրավիճակների կամ հայտարարության»,- ասում է Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով տնօրեն Անդրանիկ Շամիլյանը։

Արյունատվության շնորհիվ արյան հավաքված պաշարներն օգտագործվում են տարբեր նպատակներով, օրինակ՝ լայնածավալ կամ չնախատեսված ելքով վիրահատություններից կամ հետծննդաբերական արյունահոսությունից հետո։ Պարբերաբար արյան փոխներարկման կարիք կարող են ունենալ նաև քաղցկեղի դեմ բուժվող հիվանդները։

«Կան արյան համակարգի հիվանդներ, որոնք մշտապես արյան կարիք ունեն՝ նրանց օրգանիզմը անորակ կամ ոչ բավականաչափ արյուն է արտադրում»,- նշում է Շամիլյանը։

Կա արյունատվության երեք ձև՝ փոխհատուցվող (վարձատրվող), անվարձահատույց և հիվանդի հարազատների կողմից տրվող արյուն, որն օգտագործվում է իրենց հարազատի բուժման կամ կյանքը փրկելու նպատակով։

Փոխներարկման ժամանակ առողջ մարդու արյունից ռեցիպիենտին ներարկվում են արյան բաղադրամասեր, այդ թվում՝ լեյկոցիտներ (արյան սպիտակ բջիջներ), էրիթրոցիտներ (արյան կարմիր բջիջներ) և արյան պլազմա։

Ըստ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայաստանում արյան տարեկան մոտավոր պահանջի շուրջ 80%-ը բավարարելու համար անհրաժեշտ է, որ 5000 մարդ տարեկան 2 անգամ արյան դոնոր դառնա։ Այսինքն, եթե տարեկան 12500 մարդ մեկ անգամ արյուն տա, ապա ստացված պաշարը կբավարարի Հայաստանում արյան բանկի լրիվ պահանջը։ Յուրաքանչյուր դոնորից վերցվում է մոտ 350-450 մլ արյուն։

Այդ ցուցանիշին հասնելու համար 2023թ․ նոյեմբերից գործում է «1-ը՝ 5000-ից» ծրագիրը,  սակայն մինչև օրս մոտ 190 մարդ է մասնակցում դրան։

Արյան բանկից նշում են, որ տարեկան միջինում բնակչության առնվազն 2%-ը պետք է արյուն տա, որպեսզի համալրվի անհրաժեշտ պաշարը։ Հայաստանում կամավոր արյունատվության դեպքերը տարեկան 1%-ից էլ քիչ են։

Դոնորների մոտ 15%-ն է անվարձահատույց արյուն տալիս, 25%-ը դա անում է իր հարազատի համար։ Մնացած 60%-ը, ըստ երևույթին, արյուն է հանձնում գումարի դիմաց, փոխհատուցումը 15,000 դրամ է։ Պարոն Շամիլյանը հավաստիացնում է, որ տարեցտարի այս հարաբերակցությունը փոխվում է, և ավելի շատ մարդիկ են սկսում կամավոր կերպով, անվարձահատույց արյան դոնոր դառնալ։

Կանոնավոր արյունատվությունը, տղամարդկանց դեպքում՝ առնվազն 2 ամիսը մեկ, իսկ կանանց դեպքում՝ 2․5 ամիսը մեկ, դոնորի առողջության վրա դրականորեն է ազդում։ Մեկ անգամ կատարած արյունատվությունը կարող է օգնել դրա կարիքն ունեցող 3 մարդու։ Իսկ դոնորի համար կանոնավոր արյունատվությունը մի շարք դրական ազդեցություններ ունի, օրինակ՝  օրգաններում և հյուսվածքներում բարելավում է նյութափոխանակությունը, երիտասարդացնում է մարմինը և նվազեցնում սիրտանոթային հիվանդությունների ռիսկը։

«Հիմնականում տեղեկացվածության պակասն է խնդիրը, որ մարդիկ կամավոր չեն գալիս արյուն տալու։ Պատերազմի ժամանակ արյունատվությունը 100% անվարձահատույց էր, հսկայական հերթեր էին։ Սա նշանակում է, որ ժողովուրդը պատրաստ է նման քայլի, բայց չգիտեն, որ արյան կարիք միշտ կա, նաև՝ խաղաղ պայմաններում»,- նշում է պարոն Շամիլյանը։

Նրա խոսքով, հայտարարություններից հետո դոնորները երբեմն պետք եղածից շատ են գնում արյունատվության, իսկ արյունը 42 օր պահպանման ժամկետ ունի ու կարող է ավելցուկ առաջացնել։ 

Ե՛վ փոխհատուցվող, և՛ անվարձահատույց արյունատվության դեպքում հիվանդը վճարում է արյուն ստանալու համար, սակայն անվարձահատույց դոնորության դեպքում արյան ինքնարժեքն ավելի ցածր է։ Գումարի մնացած մասը կապված է արյունատվության ժամանակ օգտագործվող պարագաների, սարքավորումների և բուժաշխատողների՝ ծառայության վճարման հետ։

Լենա Սահակյան, Հետք Մեդիա գործարանի ուսանող

Լուսանկարները՝ Արեն Նազարյանի

Ինֆոգրաֆիկան՝ Լենա Սահակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter