HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Եվրո-2024»-ը մեկնարկեց Գերմանիայի ջախջախիչ հաղթանակով

Գերմանիայում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում հյուրընկալող երկրի՝ Գերմանիայի հավաքականը 5։1 հաշվով ջախջախեց Շոտլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։

Խաղի հենց մեկնարկից դաշտի տերերը սկսեցին ահռելի ճնշում գործադրել Շոտլանդիայի հավաքականի դարպասին և կարողացան 10-րդ րոպեին բացել հաշիվը, աչքի ընկավ Ֆլորիան Վիրցը։ 19-րդ րոպեին Ջամալ Մուսիալան կրկնապատկեց գերմանացիների առավելությունը։ Առաջին կեսի վերջնամասում Գերմանիայի հավաքականը հաշիվը խոշոր դարձրեց․ սեփական տուգանային հրապարակում Շոտլանդիայի ընտրանու պաշտպան Ռայան Փորթեուսը կոպիտ խաղաց Իլկայ Գյունդողանի նկատմամբ, ինչի հետևանքով կարմիր քարտի արժանացավ, իսկ նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց Կայ Հավերցը։

Երկրորդ խաղակեսում ևս գերմանացիները չխնայեցին 10 հոգով մնացած մրցակցին։ 68-րդ րոպեին փոխարինման մտած Նիկլաս Ֆյուլկրուգը հաշիվը դարձրեց 4։0։ 87-րդ րոպեին Շոտլանդիայի հավաքականին հաջողվեց հեղինակության գոլ խփել, և նրանց այդ հարցում օգնեց Գերմանիայի ընտրանու պաշտպան Անտոնիո Ռուդիգերը՝ տուգանայինի խաղարկման արդյունքում դառնալով ինքնագոլի հեղինակ։ Սակայն հանդիպման վերջին՝ 93-րդ րոպեին Գերմանիան վերականգնեց 4 գոլի առավելությունը։ Փոխարինման մտած Էմրե Չանը հաշիվը դարձրեց 5։1՝ դնելով հանդիպման վերջակետը։

Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ A խմբում ընգրկված Հունգարիայի և Շվեյցարիայի ընտրանիները հունիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 17։00-ին կխաղան միմյանց դեմ։ Բացի այդ խաղից կկայանան նաև B խմբի հանդիպումները՝ Իսպանիա-Խորվաթիա (20:00) և Իտալիա-Ալբանիա (23։00)։

Լուսանկարները՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter